Մատչելիության հղումներ

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում կան լուրջ թերացումներ»


«Չնայած որոշակի բարելավումներին՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում կան լուրջ թերացումներ», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության՝ երկուշաբթի երեկոյան հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցում:

Ըստ զեկույցի, Հայաստանում բարձր է կաշառառության աստիճանը, առկա է եկամուտների ոչ հավասար բաշխում՝ հարստությունը կուտակվում է մի խումբ մարդկանց ձեռքերում: Բնակչության 43 տոկոսը աղքատ է (այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 7 տոկոսով նվազել է): Տնտեսությունում մեծ է ստվերի դերը:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում, թեեւ կան նաեւ որոշ բարելավումներ, արձանագրվել են լուրջ թերացումներ:

«Իրավապահ մարմինները շարունակում են ծեծի ենթարկել կալանավորներին, լուրջ խնդիր է դարձել անպատժելիությունը: Իշխանությունների հրահանգով քաղաքական սպանությունների մասին տեղեկություններ չկան, փոխարենը՝ բանակում արձանագրվել է զինծառայողների սպանության 6 դեպք, որոնց հանգամանքները հայտնի չեն», - ասվում է զեկույցում:

Կտտանքներ եւ դաժան վերաբերմունքը օրենքով արգելված են, սակայն իրավապահ մարմինները դրանք կիրառում են. հիշատակվում է, մասնավորապես, անցած գարնանը ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու փաստը:

Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը, սակայն իշխանությունները, ըստ զեկույցի, այն մասամբ սահմանափակում են: Հայտնի են լրագրողների հանդեպ բիրտ վերաբերմունքի դեպքեր: Մամուլի մեծ մասը իշխանամետ է, վերջին նախագահական ընտրություններում հիմնական լրատվամիջոցները՝ հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունները եւ մամուլը կողմնակալություն են դրսեւորել եւ աջակցել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Պետքարտուղարության զեկույցում հիշատակվում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցությունից հրաժարվելու՝ «Կենտրոն» հեռուստաընկերության որոշումը. - «Հեռուստաընկերության տնօրենը հայտնել է, թե իշխանությունների հետ այդ խնդիրը չի քննարկել, սակայն տպավորություն է ստեղծվում, թե որոշումը կայացվել է իշխանությունների ճնշումների հետեւանքով»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG