Մատչելիության հղումներ

Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատները Թուրքիայից պահանջելու են ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Ինչպես հինգշբաթի օրը հաղորդել է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը, Գերմանիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հանդես են գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ, Բունդեստագին առաջարկելու է դիմել Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:

Քրիստոնյա-դեմոկրատական միության եւ Բավարիայում նրա քույր կուսակցության՝ Քրիստոնյա-սոցիալական միության՝ Բունդեստագին ներկայացվելիք նախագծում նշվում է. - «Թուրքիայի կառավարությունը 1915 թվականի ապրիլին Ստամբուլում ձերբակալեց հայկական քաղաքական վերնախավին, ինչը նախանշեց 1,5 միլիոն հայերի սպանությունն ու տեղահանումը»:

«Թուրքիայի իշխանությունների հրաժարվելը ճանաչել 90 տարի առաջ կատարված հանցագործության պատասխանատվությունը հակասում է Եվրամիության ընդհանուր արժեքներին մաս կազմող հաշտեցման գաղափարին», - ասված է նախագծում:

Քրիստոնյա-դեմոկրատական միության առաջնորդ Անջելա Մերկելը կոչ է արել Թուրքիային լինել 25 երկիր միավորող Եվրամիության «արտոնյալ գործընկերը»:

Թուրքական «Հյուրիեթ»-ը Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագիծը որակել է որպես «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը խափանելու փորձ»: Թերթը վկայակոչել է Անջելա Մերկելի խոսքերը, թե «մշակույթի եւ պատմության տեսանկյունից Թուրքիան բավականաչափ եվրոպական չէ»:

«Ճիշտ է, որ մենք ցանկանում ենք խոչընդոտել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Այդուհանդերձ, կարծում ենք նաեւ, թե կարեւոր է հարգել հայ զոհերի հիշատակը», - ասել է Քրիստոնյա-դեմոկրատական միության անդամ Քրիստոֆ Բերգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG