Մատչելիության հղումներ

Կալանվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա


Երեկ երեկոյան խոշոր չափերի հասնող գումարների հափշտակման մեղադրանքով Հայաստանի գլխավոր դատախազությունը կալանել է Լեւոն Շահինյանին, ով դեռ մեկ շաբաթ առաջ զբաղեցնում էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնը:

Նշված վարչությունը հիմնականում զբաղվում է պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության եւ արդյունավետության վերահսկողությամբ:

Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ կեղծ փաստաթղթեր, պայմանագրեր, հաշվետվություններ, ակտեր, կազմելու եւ օգտագործելու միջոցով երկու աուդիտորական ընկերություններից առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու համար:

Գումարի չափը, ըստ նախաքննության, հասնում է մոտ 40 միլիոն դրամի: Գործի քննությամբ զբաղվում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը:

Քրեական օրենսգիրքը նշված հոդվածները նախատեսում են ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ Լեւոն Շահինյանը վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2001 թվականից: Անցած չորս տարիների ընթացքում նրա անձնական գործում աշխատանքային թերացման մասին որեւէ նշում չի եղել: Շահինյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 16-ին:

Գործի մանրամասներին առնչվող որեւէ տվյալ չհաջողվեց պարզել նաեւ աուդիտորական ընկերություններից, որոնցից, ըստ դատախազության, Շահինյանը գումարներ էր յուրացրել: Դրանցից մեկում՝ «Աուդիտ խորհրդատու սերվիս» ընկերությունում հրաժարվեցին պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, քանի որ, ինչպես փոխանցեցին աշխատակիցները, ընկերության տնօրեն Լեւոն Հովհաննիսյանը, հանկարծամահ է եղել այսօր առավոտյան:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG