Մատչելիության հղումներ

«Հայաստանյան գործարարների ճնշող մեծամասնությունը դժգոհ է հարկային ու մաքսային գերատեսչությունների աշխատանքից»


Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (FIAS) կատարած հետազոտության համաձայն, հայաստանյան գործարարների 60 տոկոսը դժգոհ է բյուրոկրատական կառույցների աշխատանքից։ 2002-ի նույն հարցման արդյունքներով, պետական կառույցների աշխատանքից դժգոհել էին հարցվածների 50 տոկոսը։

FIAS-ի հետազոտությունը հիմնված է հայաստանյան 300 ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա։

Գործարարների դժգոհությունն ամենամեծն է հարկային ու մաքսային ոլորտներից. այս գերատեսչությունների աշխատանքից դժգոհ է հարցված գործարարների 83,5 տոկոսը։

Բիզնեսի զարգացումը խոչընդոտող լուրջ գործոնների շարքում հարցված գործարարների 2/3-ը նշել է կոռուպցիան: 3/4-ը դժգոհել է վարվող քաղաքականության անորոշությունից։

Հարցմամբ ընդգրկված ընկերությունների ուղիղ կեսը պատասխանել է, թե առանց կաշառք տալու անհնար է օրինական բիզնես ծավալել ու արդյունքի հասնել։

Իսկ բարելավում գրանցվել է, մասնավորապես, բիզնես միջավայրի հետեւյալ ոլորտներում. գործարարները փաստել են, որ կրճատվել է նոր բիզնեսի գրանցման տեւողությունը՝ միջին 15,5 օրվանից նվազել է 14,5 օրվա, ինչպես նաեւ կրճատվել են բիզնեսի գրանցման ծախսերը։ Եթե, ասենք, 2002 թվականին գործարարը իր գործի գրանցման նպատակով միջին հաշվով ծախսում էր 88 դոլար, ապա այժմ 75 դոլար է վճարում։

Նշվածով հանդերձ, փորձագետների եզրակացությունն այս մասով բացասական է: «Գործունեություն իրականացնելու առումով իրավիճակը Հայաստանում վատացել է», - շեշտել են FIAS-ի փորձագետները։

Նրանք փաստել են նաեւ, որ մեծ ընկերությունները ստուգումների ընթացքում շատ ավելի մեծ գումարներ են ծախսում տույժերի, բռնագրավված ապրանքների եւ կաշառքների վրա, քան փոքր ու միջին ընկերությունները։ Միեւնույն ժամանակ, ստուգումների տեւողությունը, ինչպես նաեւ տեսուչների շորթած գումարները մայրաքաղաքում ավելի մեծ են, քան մարզերում։

Կաշառք շորթելու ռեկորդակիրը, ըստ հարցման, հարկային պետական ծառայությունն է, որից ետ չեն մնում մաքսային պետական կոմիտեն եւ Քաղաքաշինական տեսչությունը։ Սրանց բաժին է ընկնում ընդհանուր ստուգումների թվի 41,5 տոկոսը, չնայած սրանցից բացի եւս 19 ստուգող կառույցներ կան։

Պարզվում է, որ կաշառաշորթման հարցում նաեւ բավականաչափ ամուր դիրքեր ունեն, այնպիսի կառույցներ, ինչպիսին են հրշեջ եւ սանէպիդ ծառայությունները։ Հարցված 153 ընկերություններից 45-ը նշել են, որ կաշառք են տալիս հրշեջներին, 118 ընկերություններից 31-ը փաստել են, որ պարբերաբար կաշառել է հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության աշխատակիցներին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG