Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Օրերս մամուլում տարածվել էր, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ասել է, թե «եթե նախագահն առաջարկի իրեն վարչապետի պաշտոնը, ապա ինքը կմտածի այդ մասին»: Պարզաբանումների համար իրեն դիմած «Ազգ»-ի թղթակցին նախարարն արձագանքում է. - «Դա սադրիչ հարց է եղել: Ինձ հարցրել են, ճի՞շտ է, որ վարչապետի առողջական վիճակի կապակցությամբ նրան պաշտոնից ազատում են եւ ինձ են առաջարկելու... Ասել եմ, որ նման բան չի եղել: Նախագահն ինձ ոչինչ չի առաջարկել»: «Կառավարության այսօրվա ներքին մթնոլորտը շատ կայուն է, վարչապետի դիրքերը առավել ամուր են, քան որեւէ այլ ժամանակ», - հավաստիացնում է Հովիկ Աբրահամյանը: - «Վարչապետի հետ մեր հարաբերությունները ջերմ են եւ շատ աշխատանքային, մենք նույն կուսակցության անդամներ ենք, նա իմ կուսակցության ղեկավարն է, եւ եթե նման բան իմ մտքով անցնի, դա իրոք տմարդի կլինի: Ես այնքան բարոյական մարդ եմ, որ նման քայլի կյանքում չեմ գնա»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հնարավոր վարչապետափոխության թեմայով «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Անշուշտ, հավերժական պաշտոններ չեն լինում, բայց խորհուրդ չէի տա այդքան ոգեւորվել: Կառավարությունում փոփոխություններ կարող են լինել նոր ընտրությունների արդյունքում»: «Ո՞ւմ կողմից էին ասպարեզ նետվել վարչապետի հրաժարականի մասին լուրերը» հարցին Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Այստեղ որոշակի, բայց չհաջողված «համագործակցության» փորձ կա իշխանության մի թեւի, մի կուսակցության եւ ընդդիմության միջեւ»: «Ես ժամանակավրեպ եմ համարում բոլոր տիպի հայտարարությունները ե՛ւ դիմության, ե՛ւ ընդդիմության դաշտից, որոնք միտված են ստեղծելու նախընտրական իրավիճակ», - ազդարարել է Գալուստ Սահակյանը:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Երկիրն արձանագրում է շատ վտանգավոր միտում, որի մասին մենք խոսել ենք դեռ սեպտեմբերին՝ ասելով, որ երկրում նկատվում է շեղում ժողովրդավարացման գործընթացից: Եվ այդ շեղումը հանգեցրել է նրան, որ դեմոկրատիայի փոխարեն երկրում հաստատվում է պլուտոկրատիայի՝ փողի իշխանությունը, իր բոլոր արատավոր դրսեւորումներով: Պլուտոկրատիան թափանցել է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտ եւ իջել կենցաղային ռազբորկաների մակարդակի: Հարուստ լինելը վատ բան չի, բայց եթե փողի միջոցով փորձում են գնել իշխանությունը, դա արդեն տանում է ժողովրդավարության վտանգման: Մինչդեռ այսօր փաստ է, որ շատ-շատերն են ուզում օգտագործել գումարը՝ իշխանություն ձեռք բերելու համար, որպեսզի հետագայում օգտվեն իշխանության արտոնություններից: Դրա ամենավերջին դրսեւորումը Եղվարդի ընտրություններն էին, երբ մարդիկ իրենց մանդատը գնեցին փողով՝ ողջ ընտրական գործընթացը վերածելով առեւտրի», - մատնանշում է Արմեն Ռուստամյանը: - «Իսկ դա հանգեցնում է նրան, որ ի վերջո, խորհրդարանը դառնում այդպիսինների համար տանիք, պատսպարան՝ այս կամ այն ճանապարհով ձեռք բերած ունեցվածքը պահպանելու համար»: «Եթե մենք այսօր շարունակենք հապաղել եւ վճռական քայլեր չկատարենք ժողովրդավարության գործընթացից այս շեղումը կասեցնելու համար, կարող ենք հասնել մի կետի, երբ պրոցեսը կդառնա անշրջելի, եւ այդ բեսպրեդելը կտեղափոխվի առաջիկա բոլոր ընտրություններ», - զգուշացնում է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը: - «Մինչդեռ, մենք ուղղակի իրավունք չունենք եւս մեկ այնպիսի ընտրություն անցկացնել, որի արդյունքները կլինեն կասկածելի»: Այսուհանդերձ, ըստ Արմեն Ռուստամյանի, նախագահին չի կարելի մեղադրել, թե վճռական չէ, պարզապես իրենց մոտեցումներում մարտավարական տարբերություն կա. - «Ինչ-որ հարցերում մենք կարող ենք համաձայնել դանդաղ շտապելու նրա մարտավարությանը, բայց կա նաեւ մեկ ուրիշ հայտնի սկզբունք՝ հապաղման վտանգավորության մասին: Եվ դա առաջին հերթին վերաբերում է երկրում ժողովրդավարական պրոցեսների մեջ առկա շեղումը շտկելուն: Դա պետք է անել այժմ, որովհետեւ հենց երկիրը նորից մտավ նախընտրական հունի մեջ, շահերի բախումն այնպիսին է լինելու, որ երկիրը կարող է վերջնականապես դուրս մնալ ժողովրդավարություն կոչված տիրույթից»:

Դիտարկելով, թե ինչու է Արեւմուտքն այդքան շռայլ այլ երկրների ընդդիմությունների հանդեպ այն դեպքում, երբ մեր ընդդիմության համար չի շտապում գրպանը լայն բացել, «Առավոտ» թերթն այսօր ուրվագծում է. - «Պատճառը ամենեւին էլ այն չէ, որ մեր ընդդիմադիրներին Արեւմուտքը (եւ անգամ մենք) չենք համարում լուրջ քաղաքական ֆիգուրներ... Ցանկության դեպքում մեզ մոտ էլ կարող էին փնտրել ու գտնել: Իսկ սա նշանակում է՝ օգնել Հայաստանին եւ իրականացնել հեղափոխություն: Արեւմուտքը պարզապես ցանկություն չունի: Իսկ ինչո՞ւ նրանց պիտի ձեռք չտա Քոչարյանը: Միակ բանը, որ կարող է դուր չգալ Արեւմուտքին, Քոչարյանի բարեկամությունն է Ռուսաստանի հետ: Բայց պետք է, չէ՞, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանին էլ մի բան մնա, քանի որ Վրաստանը խլեցին, այժմ էլ Ադրբեջանի հերթն է»: «Մեր փոքրիկ Հայաստանն այդ՝ ռուսներին հասանելիք կրճոնի դերի համար շատ հարմար է», - եզրափակում է «Առավոտ»-ը: - «Հետեւաբար ամենեւին էլ պետք չէ անհանգստանալ Հայաստանի դեղձի ծառերի ճակատագրի համար. ճյուղերը պոկելու կարիք չի զգացվի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG