Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանում ծավալվող գործընթացները «Իրավունք» թերթի մեկնաբանը դիտարկում է «Հեղափոխություն լինելու է, քանի որ չի կարող չլինել երբեք» վերնագրային ելակետից՝ նշելով. - «Կարծես ամբողջ երկիրը բաժանված լինի հեղափոխականների ու հակահեղափոխականների... Իսկ իշխանական քարոզչամեքենան ե’ւ անմիջապես, ե’ւ տարբեր գործիչների շուրթերով կրկնում է այն, ինչը մեկ նախադասությամբ կարելի է ձեւակերպել այսպես. «Հեղափոխություն չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք»: Եվ այդ քարոզչությունը կրում է մոտավորապես այնպիսի հիստերիկ բնույթ, ինչպիսին էր քարոզչամեքենայի վարքագիծը էլիզաբեթջոնսերի եւ դեւիդաթկինսոնների ելույթներից ու զեկույցներից հետո: Դա տպավորություն է ստեղծում, որ իշխանությունները տագնապում են հեղափոխության անփուսափելիությունից»: Մեկնաբանի հայացքով՝ սոցիալ-տնտեսական գործոնների առումով հեղափոխության համար Հայաստանում «վաղուց ամեն ինչ պատրաստ է»: Ինչ վերաբերում է արտաքին ազդակներին՝ շեշտադրվում է. - «Միացյալ Նահանգները, մի կողմից, իր վարչախմբի ամենաբարձր պաշտոնյաների շուրթերով բավականին լուրջ մեղադրանքներ է ներկայացնում հայաստանյան վարչախմբին, ինչին սովորաբար հետեւում են ամերիկյան վարչախմբի կոնկրետ գործողությունները, բայց, մյուս կողմից, ամերիկյան ներկայացուցիչները հնարավորինս փորձում են ձգձգել այս վարչախմբի հեռացմանն ուղղված ընդդիմության ձգտումները»: Սա բացատրվում է նրանով, որ «ամերիկյան վարչախումբը հայաստանյան իշխանություններից բավականին լուրջ զիջումների գնալու ակնկալիքներ ունի»:

«Ազգ» թերթի պատկերավորմամբ՝ այս գարնանամուտին եւս «օդում թափառում է սեւեռուն գաղափար դարձած իշխանափոխության երազանքը, բայց այս անգամ դժվար է պնդել, թե հերթական սրացումն է, քանի որ ընդդիմադիր իրականության մեջ կուտակվող էներգիան հսկայական է»: «Հայրենի քաղաքականության բոլոր տարածքները զբաղեցված են ընդդիմադիրներով, այնպես որ կհերիքեն մի քանի սերունդների... Սեղմվում է նաեւ արտաքին օղակը»: Այսուհանդերձ, սակայն, «Ազգ»-ում էլ ձեւակերպված է, թե «վարդերի կամ նարնջագույն հեղափոխության այլ տարբերակը Հայաստանում իրականացնելու ընդդիմադիր սպասումները զուր են, Հայաստանի հերթը դեռեւս չի հասել»:

«Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում անդրադառնալով իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասում է. - «Այս անգամ այդ կարգի խոսակցություններն ավելի ինտենսիվ են դարձել, քանի որ խոսելու այլ թեմա պարզապես չունեն: Եթե նախորդ տարիներին խոսում էին թեժ սեզոնների եւ իշխանափոխության մասին, ապա հիմա որոշել են, որ իշխանափոխություն պետք է լինի իշխանության ներսում: Իսկ ցանկացած նման փոփոխություն, բնականաբար, պետք է լինի վարչապետի մասնակցությամբ՝ նրա հրաժարականի, նրա ուժեղացման, կամ թուլացման միջոցով»: «Ինձ հասած տեղեկության համաձայն, որոշ իշխանամետ, կամ, այսպես ասեմ` կիսաիշխանամետ ուժեր եւս քննարկում են ինչ-որ հրաժարականների թեմա», - կապակցում է վարչապետը: - «Իմ հրաժարականի մասին մտացածին լուրերի շրջանառումը, թերեւս, ձեռնտու է այն ուժերին, որոնք այսօրվանից են պատրաստվում նախագահական ընտրությունների: Իսկ լավ պատրաստվելու ուղիներից մեկը տեսնում են գործող վարչապետին եւ ՀՀԿ-ին թուլացնելը»: «Վերադասավորումների սկիզբ չէ՞ արդյոք ԱԺ նախագահի թուլացող դիրքերը, երբ վերջինս, ըստ էության, չի կարողանում ապահովել ԱԺ-ի բնականոն աշխատանքը» հարցին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը ընդգծում է. - «Չեմ կարծում, թե ԱԺ նախագահի դիրքերը թուլացել են: Հակառակը, ԱԺ նախագահը մեկ-մեկ մտնում է այնպիսի ոլորտներ, որոնք նրա իրավասություններից դուրս են: Ես նկատի ունեմ ԱԺ նախագահին կից այն խորհուրդները, որ ստեղծվում են: Ես հանձնարարել եմ գործադիրի բոլոր օղակներին, որ նրանք ԱԺ նախագահի ստեղծած հանձնաժողովների թղթերին չպատասխանեն, եւ այդ աշխատանքներին չմասնակցեն»:

«Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը զարմացած է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հայտարարությունից, թե՝ «Եթե այսօր տարբեր անօրինականություններ են տեղի ունենում, եւ մարդիկ օգնության համար դիմում են Ազգային ժողով, խորհրդարանը չի կարողանում պատշաճ արձագանքել եւ կանխել շատ երեւույթներ։ Որովհետեւ բավարար լիազորություններ չունի»: Խմբագրի որակմամբ՝ լիազորությունների պակասից բողոքող պատգամավորները մեր երկրում ստացել են «ֆեոդալական արտոնություններ, որոնք համեմատելի են ճապոնական սամուրայի, օսմանական ենիչերիի կամ իսպանական հիդալգոյի արտոնությունների հետ (ճիշտ է, հանձն չառնելով ո՛չ սամուրայների պատվի կոդեքսը, ո՛չ էլ պարտավորությունները)»։

«Ուղղակի ափսոսում եմ ժամանակս, որ խլում եմ իմ աշխատանքից եւ ծախսում այսպիսի մանր մարդկանց եւ մանր խնդիրների վրա», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է «Գրանդ հոլդինգի» ղեկավար, «Հայրենիք» հեռուստաընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից այդ ալիքին ուղղված պահանջների առնչությամբ: «Թերի օրենք են հրամցրել իշխանություններին, եւ այդ օրենքն այսօր ծառայում է ո՛չ թե ժողովրդին, ո՛չ թե մեր ազգային արժեքների զարգացմանն ու տարածմանը, այլ մի երկու-երեք կլանի, որոնք, հիրավի, ստանում են ստվերային մեծ գումարներ», - ասում է Հրանտ Վարդանյանը: - «Հեռուստատեսային շրջանակներում որեւէ հիմնախնդիր լուծելիս միշտ լսել եմ՝ «Իսկ Ալիկը գիտի՞», «Իսկ Ալիկը համաձա՞յն է» կարգի արտահայտություններ: Հիմա, «Հայրենիքի» հետ կապված քաշքշուկից հետո, իմացա, որ իսկապես նա՛ է ՀՌԱՀ-ի, այսպես ասած, տանիքը»: Հրանտ Վարդանյանն առաջարկում է. - «Թող իշխանությունը ինձ էլ ընդգրկի ՀՌԱՀ կազմում եւ Ալիկ Հարությունյանի եղբոր պարտականությունները դնի ինձ վրա: Խոստանո՛ւմ եմ՝ պետբյուջե 5 միլիոն դոլար ավելի կմուծվի տարեկան: Չի տուժի ոչ մի հեռուստաընկերություն: Պետք է ընդամենը հաստատագրված հարկ սահմանել գովազդի համար, եւ այդ հարկի գանձումը դարձնել թափանցիկ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG