Մատչելիության հղումներ

Սկսեց գործել Հայաստանի մասնավոր բանկերում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը


Կենտրոնական բանկում ուրբաթ օրը հրավիրված հատուկ ասուլիսով ազդարարվեց մասնավոր բանկերում ֆիզիկական անձանց ներդրած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության սկիզբը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են ֆինանսների եւ էկոնոմիկայի երկու փոխնախարար, Կենտրոնական բանկի նախագահը եւ բանկի խորհրդի մեկ անդամ, Հայաստանի Բանկերի միության նախագահն ու միության մեկ անդամ, ինչպես նաեւ Ազգային ժողովի մեկ պատգամավոր։ Հիմնադրամի գործադիր տնօրենի դեռեւս թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարված։

«Երաշխիքային հիմնադրամի ստեղծման նպատակն է բարձրացնել ավանդների վերադարձելիության հուսալիությունը», - բացատրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ավանդների երաշխավորման հիմնադրամի միջոցները գոյանալու են մասնավոր բանկերի ներգրաված ավանդների մասհանումներից. մասնավոր բանկերը իրենց ներգրաված ավանդագումարների 0,2 տոկոսը պետք է փոխանցեն ավանդների փոխհատուցման հիմնադրամի հաշվին, որը բացվել է Կենտրոնական բանկում։ Փոխհատուցման մեխանիզմը հետեւյալն է. որեւէ բանկի սնանկացման դեպքում հիմնադրամը ամբողջությամբ կփոխհատուցի մինչեւ 2 միլիոն դրամ ազգային արժույթով եւ մեկ միլիոն դրամի չափով դոլարային ավանդը։
Ազգային արժույթին գերապատվություն տալը բացատրվեց դրամային ավանդները խրախուսելու նպատակադրմամբ:

Ավանդների փոխհատուցման հիմնադրամի հաշվին ներկայումս կուտակվել է մոտ 2 միլիոն դոլարին համարժեք դրամ: Այսօրվա ասուլիսում տեղեկացվեց, որ եւս 3,5 միլիոն եվրո՝ որպես դրամաշնորհ, փոխանցելու է Գերմանիայի կառավարությունը։

Ներկա դրությամբ հանրապետության մասնավոր բանկերում ֆիզիկական անձանց ներդրած ավանդների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 110 միլիարդ դրամ, իսկ ավանդահաշիվների թիվը 3 միլիոն 817 հազար է։ Ավանդների գերակշիռ մասը՝ մոտ 95 տոկոսը արտարժույթով՝ հիմնականում դոլարով է։

Կենտրոնական բանկի նախագահը կրկին խորհուրդ է տալիս ավանդները պահել ազգային դրամով:

«Այն քաղաքացիները, որոնք նախապատվություն են տալիս հայկական դրամին եւ դրամային ավանդներ ունեն բանկերում, նրանք շահել են 2004 թվականի ընթացքում», - փաստարկեց Տիգրան Սարգսյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG