Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի արտգործնախարարությունը բավական ջանք է գործադրել եւ դժվարությամբ է կարողացել Ռուսաստանի արտգործնախարարին համոզել Հայաստան ժամանել ոչ թե փետրվարի 17-ին, այլ 16-ին, ինչը երկօրյա այցի իմիտացիա ստեղծելու հնարավորություն է ընձեռում: «Այսինքն, Հայաստանը, որն առանց այն էլ լուրջ խնդիրներ ուներ իր ռազմավարական «գործընկեր» Ռուսաստանի հետ, որին Ռուսաստանը համարում է իր «ֆորպոստը» Հարավային Կովկասում, այսօր այնպիսի վիճակում է հայտնվել, որ նման խնդրանքներով է դիմում Ռուսաստանին եւ մեծ դժվարությամբ է հաջողության հասնում», - ձեւակերպել է «Հայկական ժամանակ»-ը: - «Հայաստանը վաղուց կորցրել է Ռուսաստանին անբավարարվածություններ, պրետենզիաներ ներկայացնելու իր կարողություններն ու հնարավորությունները, եւ այսօր հերթը միայն խնդրանք-աղաչանքներինն է»:

«Այսօր թուրքերի կողմից ձեռնարկվող ամեն կարգի «երկխոսությունները» հայ-թուրքական հարաբերությունների շուրջ հետապնդում են միայն մեկ նպատակ՝ ողջ աշխարհին ցուցադրել, որ հայերն իրո՛ք մոռացել են Ցեղասպանությունն ու պատրաստ են թուրքերին ներել վաղեմության ժամկետն անցած այդ ոճիրը: Այնպես որ, թուրքերը դեռ կշարունակեն այցելել Հայաստան եւ մերոնց էլ հրավիրել իրենց երկիր՝ զրուցելու այն մասին, որ արդեն ժամանակն է մոռանալ անցյալն ու հայացքն ուղղել ապագային, իսկ հետո էլ իրենց մամուլով կփողհարեն, թե հայերը պատրաստ են ամեն ինչ մոռանալ: Այսօր Թուրքիայի համար օրակարգից Հայոց ցեղասպանության հարցը հանելը նույնքան հրատապ է, որքան անհրաժեշտ էր 90 տարի առաջ երկրի երեսից ջնջել հայերին. սա թուրքերի պետական քաղաքականությունն է, որն այսօր էլ նպատակասլաց իրականացվում է», - համադրում է «Առավոտ» թերթը՝ մեր գործիչներին էլ առաջարկելով «սովորել նման երկխոսությունների ժամանակ թույլ չտալ այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են հետագայում ներկայացվել ձեւախեղված կամ էլ կոնտեքստից դուրս»: Օրերս գրանցված հենց նման մի միջադեպի առիթով, որ վերաբերում է Հայաստանի երիտասարդական կուսակցության ղեկավար Սարգիս Ասատրյանի ասուխոսին Թուրքիայում, «Ազգ» թերթի մեկնաբանը այսօր շեշտում է. - «Հայի անունից ներկայացվող հայտարարությունները փաստում են, որ անպատրաստությունը եւ անհեռատեսությունը վնասում են ազգային եւ պետական շահերին»:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության ու դրա պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի նախաձեռնած շուրջպարը Արագած լեռան շուրջ այդ նախաձեռնության կազմկոմիտեի անդամ, պատգամավոր Լեւոն Խաչատրյանի մատուցմամբ, հղացվել է այսպես. - «Այդպես պարզապես ստացվեց. նման կոչ արեցինք, որը պաշտպանեցին շատ-շատերը: Ազգովի մի անգամ միասին գոնե մի բան պիտի անե՞նք, թե չէ»: «Գուցե այս նախաձեռնությունից հետո, ասենք, չինացիներն էլ որոշեն իրենց պատի շուրջը պար բռնել», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում իրենց շուրջպարի ենթադրվող համաշխարհային արձագանքն է ուրվագծում պատգամավորը՝ փոխանցելով նաեւ, որ շուրջպարի շտաբը ամեն օր նիստեր է հրավիրում, որին մասնակցում է կազմկոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Դիտարկմանը, թե՝ «Շատերը կարող են ասել, որ գլխավոր դատախազը, «Գյովնդի» պարելու փոխարեն, լավ կաներ՝ զբաղվեր երկրում քրեածին մթնոլորտը ցրելով», Լեւոն Խաչատրյանը համաձայն չէ, քանզի, ըստ նրա, միայն նախանձ մարդը կարող է շահարկել այս «փառահեղ, վերկուսակցական նախաձեռնությունը»:

«Հայկական դոլարն էլ ուրիշ է: Հերիք է մտնեք մեր գրպանը» վերնագրի տակ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը գրում է. - «Անհնար է անտարբեր հետեւել դրամ-դոլար հարաբերություններին: Սույն անզուգական զույգի փոխարժեքային սիրախաղերը օրեցօր ավելի զգալի են դառնում հարյուր հազարավոր շարքային քաղաքացիների, ինչպեսեւ մասնավոր բիզնեսի համար: Դոլարի ցածր փոխարժեքը խիստ զգալի ու ցավոտ հարվածում է կոպեկ-կոպեկ հաշվարկված եկամուտով ապրող հասարակությանը գոտկատեղից ներքեւ»: «Այս ամենում որոշակի դեր է խաղում համակարգված սպեկուլյացիան», - վստահ է մեկնաբանը՝ ըստ այդմ էլ նախանշելով, որ անկախ աշխարհում դոլարի փոխարժեքի աճից ու կայունացումից, Հայաստանում դոլարն իրեն կդրսեւորի այնպես, ինչպես կբարեհաճեն հայրենի «կանաչ» գեներալները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG