Մատչելիության հղումներ

Մոսկվայում կբացվի «Ադրբեջանի տարի» մշակութային փոխանակումների փառատոնը


Մոսկվայում այսօր տեղի կունենա Ռուսաստանում «Ադրբեջանի տարի» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Ադրբեջանի տարի» մշակութային փոխանակումների փառատոնը կօգնի ամրապնդել երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը, աշխուժացնել քաղաքական շփումները եւ ընդլայնել տնտեսական կապերը:

«Մշակութային ինտենսիվ փոխանակումները ենթադրում են բազմազան միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակական կազմակերպությունների միջեւ շփումներին, դրանց գործակցությանն աջակցելուն, ընդհանուր կրթական եւ մշակութային-տեղեկատվական տարածք ձեւավորելուն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մեջբերմամբ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Յակովենկոն:

Ծրագիրը կիրականացնեն դաշնային եւ մարզային իշխանություններն ու ստեղծագործական միությունները:

Յակովենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները այս ամիս ավելի վաղ Բաքվում քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը: Նրանք ընդգծել են մոտ ապագայում երկկողմ առեւտրի ծավալները կրկնապատկելու անհրաժեշտությունը:

Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, կողմերը բարձրաձայնել են իրենց աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցություններին Պրահայի գործընթացի շրջանակներում, որոնցում ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG