Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասյե. «Ես չեմ կարող ասել, թե այդ մարդիկ ապրում են. նրանք գոյատեւում են»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի կարծիքով, ով իր ռուսաստանցի եւ ամերիկացի գործընկերների հետ ուղեկցում էր գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերի գլխավորած փաստահավաք առաքելությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում եղել էր Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջաններում, Հայաստանը «մտածված, լայնամասշտաբ» պլանով չի վերաբնակեցնում այդ շրջանները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երկուշաբթի երեկոյան ֆրանսիացի դիվանագետը ասել է. - «Չնայած շատ մարդկանց տեսակետերին, տպավորությունն այնպիսին չէ, թե գործ ունենք մտածված, լայնամասշտաբ պլանի հետ, որի նպատակը այս տարածքների բնակեցումն է»:

«Միակ բացառությունը, այնուամենայնիվ, Լաչինի շրջանն է՝ այստեղի բնակավայրին աջակցում եւ ֆինանսավորում են», - շարունակեց Ֆասյեն: - «Մյուս շրջաններում տպավորությունն այնպիսին է, որ վերաբնակիչների ավելի քան 80-90 տոկոսը այդտեղ եկել են սեփական ուժերով կամ ոչ կառավարական կազմակերպությունների եւ հայկական սփյուռքի աջակցությամբ»:

Ֆասյեի տպավորությամբ, վերաբնակիչներին կարելի բաժանել երեք խմբի. ամենամեծ խումբը հակամարտության վաղ շրջանում՝ 1988-ին Ադրբեջանից հեռացածներն են: Երկրորդ խումբը նույն 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներն են: Երրորդ խումբը, որ ամենափոքր է, կազմում են այն մարդիկ, ովքեր Հայաստանը լքել են տնտեսական պատճառներով:

Բեռնար Ֆասյեն մեկ անգամ էլ, կարծես, հաստատելով, որ վերաբնակեցումը, ընդհանուր առմամբ, պետական բնույթ չի կրում, շեշտեց, որ շատ շրջաններում էլեկտրականության չկա, գերակշռում է աղքատությունը:

«Ես չեմ կարող ասել, թե այդ մարդիկ ապրում են. նրանք գոյատեւում են կիսաքանդ պատերի մեջ, թիթեղյա տանիքի ներքո», - ասաց նա:

Ադրբեջանը փաստահավաք խմբի հետ հույսեր էր կապում, թե այն կհաստատի Հայաստանի կողմից պետական մակարդակով այդ տարածքների վերաբնակեցման մասին իրենց պնդումները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG