Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 12-ը փետրվարի)

Հրանտ Մաթեւոսյանի օրվա առիթով «Հայկական ժամանակ» թերթը ընդգծում է. - «Մտավոր մեր ուղեծրում երեւի թե շատ քիչ անուններ կան, որոնց արտաբերումը մեզ ստիպում է մտածել ոչ թե անվան տիրոջ, այլ հենց մեր մասին: Հրանտ Մաթեւոսյանը ձեւակերպեց մեր գրականության մեջ նախկինում երբեք հստակ չձեւակերպված նպատակը` հասկանալ մարդուն, հասկանալ հայրենիքը, հասկանալ հայրենիքի ու մարդու նույնությունը»: «Մեր ազնվականության տարեգիրը», - բնորոշում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: «Առավոտ»-ում էլ խտացված է. - «Հրանտ Մաթեւոսյանը ոչ մեկին չուրացավ, նրան ուրացան շատերը... Այսօր այդ նույն «մտավորականները», ովքեր փորձում էին թունավորել Հրանտ Մաթեւոսյանի կյանքը, ներբողներ են գրում, փորձում հավատացնել, թե ինչքան մտերիմ էին նրա հետ, եւ ինչքան էր սիրում իրենց Հրանտ Մաթեւոսյանը: Այնինչ նրանք ընդամենը մանր առեւտրականներ էին: Առաջ փողով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին, հիմա փողով քծնում են Քոչարյանին: Այժմ կարելի է, թույլատրված է նաեւ փառաբանել Հրանտ Մաթեւոսյանին: Այլեւս անվնաս է՝ գրողն արդեն չի կարող «քաղաքականապես սխալ» հայտարարություններ անել»:

«Երկքաղաքացիությունն իսկապես առաջ է քաշում լուրջ խնդիրներ հայաստանցիներիս առաջ», - անդրադառնում է այսօր «Առավոտ»-ը: - «Այդ դեպքում հնարավոր է, որ մեր պատգամավորների մեծ մասը լինի Լոս Անջելեսից: Տեսնես` ո՞ւմ պետական շահերն են նրանք պաշտպանելու»: Մյուս կողմից՝ «եթե ընտրելու իրավունք ստանան նաեւ դրսի հայերը, ընտրությունների արդյունքները կեղծելը կբարդանա»: Ընդհանուր առմամբ, «Առավոտ»-ի խտացմամբ, երկքաղաքացիությանը դեմ է թերեւս Հայաստանի բնակիչների մեծ մասը՝ «չնայած այն բանին, որ նրանք ընտրելու իրավունքից օգտվում են զուտ տեսականորեն, սակայն, ամեն դեպքում, հոգեբանորեն իրենց ճնշված ու ընկճված կզգան միայն այն մտքից, որ իրենք այստեղ պետք է տանջվեն ոչ թե սեփական ընտրակաշառքով իշխանության եկած քրեական տարրերի, այլ այն իշխանությունների ձեռքին, ում ընտրել է կուշտ ու ապահով Սփյուռքը»:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը «Հայկական ժամանակ» թերթի երկար հարցազրույցում ձեւակերպել է, թե «խորհրդարանի դերը բավարար բարձրության վրա է եւ շատ ավելի բարձր, քան այլ պետական կառույցներինը»: Խորհրդարանական խմորումների ու աշխատանքի խափանումների հետ կապված՝ լրագրողի հարցապնդումները նա «արհեստականորեն սրված» է որակում:

«Հայաստանում կառավարման կիսանախագահական ձեւը արդեն վերանում է եւ դրան փոխարինելու է գալիս բացարձակ օլիգարխիան, մի քանիսի իշխանությունը», - ամրագրում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթը: - «Բնակչության մնացյալ մասը այդ մի քանիսին ծառայողների ու սպասարկողների է վերածված: Գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, ըստ էության, արդեն ձուլված են օլիգարխների հետ եւ նրանց կողմից վերահսկվում են: Խորհրդարանում այլեւս չկան համարձակ մարդիկ, որ անուններ տան ու ճշմարտությունն ասեն: Բոլորը վախենում են, եւ հասարակությունը դեռ գրեթե չի գիտակցում այս դրվածքի դեմ համախմբվելու անհրաժեշտությունը», - պատկերում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը՝ նախանշելով. - «Օլիգարխիան ամեն ինչ վերահսկում է, եւ ինչքան մոտ են ընտրությունները, այնքան կոշտ է դարձնում քաղաքական ուժերի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի խուսափի անակընկալներից եւ վերաբաժանումներ թույլ չտա»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, ցեղասպանության 90-րդ տարելիցի նախօրեին «Թուրքիայում սկիզբ է առնում սեփական անցյալի վերագնահատման բարդ գործընթաց, որը հիշեցնում է խորհրդային «պերեստրոյկային» նախորդած տարիները»։ Այս առումով մեկնաբանը հարկ է համարում շեշտել իր հետեւյալ մտահոգությունը. - «Արդեն ակնհայտ է դառնում, որ շուտով գործ կունենանք ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող նոր «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի», այլ շատ ավելի լուրջ ու ներկայացուցչական ֆորմատով կազմակերպվող քննարկումների հետ, որոնց ժամանակ թուրքական կողմն ընդունելու է տեղի ունեցած ողբերգական փաստը եւ առաջարկելու է հաշտություն՝ որոշակի, արտաքուստ գայթակղիչ պայմաններով»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG