Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե մինչեւ վերջերս կոալիցիայի անդամ կուսակցությունները գործում էին միասնական մշակված խաղի կանոնների շրջանակում, որի մեջ մտնում էր կոալիցիոն խորհրդարանի եւ կոալիցիոն կառավարության միասնականության ֆիկցիայի պահպանումը, երեկ արդեն ՀՀԿ ու ՀՅԴ խորհրդարանական լիդերները, անտեսելով կոալիցիոն միասնական շահը, քննադատում էին ԱԺ-ում ստեղծված «պրավալային» իրավիճակը՝ դրա հիմնական պատասխանատուն համարելով ԱԺ ղեկավարությանը», - խտացնում է «Հայկական ժամանակ»-ը։ - «Ավելին, հանրապետական պատգամավորները հրապարակավ մեղադրում էին ԱԺ նախագահին՝ Քուվեյթ կատարած այցի համար, նշելով, որ երկրի երկրորդ դեմքի համար նստաշրջանի բացումը շատ ավելի կարեւոր պետք է լիներ, քան Քուվեյթ գնալը, որն ընդամենը համալրելու է նրա անկապ այցերի շարքը»։ Թերթի մեկնաբանը միաժամանակ ակնարկում է, որ այսպիսի իրավիճակը հրահրվում է նախագահի նստավայրից՝ խորհրդարանի լուծարման համար նախապայմաններ ստեղծելու նպատակով: «ԱԺ լուծարումը Ռոբերտ Քոչարյանին կարող է անհրաժեշտ լինել արտաքին քաղաքական իմաստով, ասենք՝ ԼՂ հարցի կարգավորման պրոցեսում «թայմ-աութի» ձեռքբերման համար: Ստեղծված վիճակը նման խաղարկման համար նպաստավոր է նաեւ այլ տեսանկյունից», - նշում է մեկնաբանը: - «Ընդդիմությունն այսօր առավել քան երբեւէ անգործունակ է, եւ Քոչարյանը կարող է հույս ունենալ, որ նրանք ի վիճակի չեն լինի ԱԺ հնարավոր արտահերթ ընտրություններն իրենց ուզած հունով տանել»:

Անդրադառնալով խորհրդարանական մթնոլորտին ու դրա ակունքներին՝ «Ազգ» թերթի մեկնաբանը ընդգծում է. - «Բեսպրեդելներից ու անօրինություններից ազատվելու համար համակարգը պետք է փոխել»:

«Եթե Բանգլադեշի Համոն, Արտաշատի Հրոն եւ մնացած սափրագլուխները, որոնց հանցագործությունների մասին անցած տարվա ընթացքում անընդհատ ահազանգում էր մամուլը, ժամանակին մեկուսացվեին հասարակությունից եւ ոչ թե պրծնեին խորհրդանշական տուգանքներով կամ ընդհանրապես անպատիժ մնային, ապա փետրվարի 4-ի «ՏԷՑ-ի կրուգի» փոխհրաձգության մասնակիցների քանակը կպակասեր մի քանի հոգով», - թվաբանում է «Առավոտ» թերթը: - «Բայց քանի որ այդ համոներն ու հրոները ծառայել են (եւ, հավանաբար, ծառայում են) օլիգարխների թիկնազորում, ապա միանգամայն անպատիժ են զգում եւ միշտ պատրաստ են կատարել իրենց տերերի հրահանգը՝ հանուն երթուղայինի գծի, «գազի կալոնկի» կամ այլ «օբյեկտի» վերցնել ինքնաձիգը եւ գնալ «հարցերը պարզելու»: Կամ ջարդել իրենց տերերին դուր չեկած քաղաքական գործչի կամ լրագրողի քիթ-մռութը»: «Առավոտ»-ի ամրագրմամբ՝ Հայաստանում իրական իշխանության մեծ մասը կենտրոնացած է կրիմինալ բիզնեսի (իսկ մեր երկրում ամբողջ քիչ թե շատ խոշոր բիզնեսը կրիմինալ է) եւ նրան պատկանող անօրինական զինված խմբավորումների ձեռքում: Կհամարձակվի՞ որեւէ ոստիկան կամ դատախազ մտնել որեւէ օլիգարխի կալվածք եւ հարցնել՝ իրականում (ոչ թղթի վրա) քանի՞ հոգի կա քո, այսպես կոչված, «թիկնազորում», ինչո՞վ են նրանք զինված, ի՞նչ ֆունկցիաներ են կատարում»: Այս հարցը, ըստ թերթի, միանգամայն հռետորական է հնչում. - «Բանդաները իշխանության մասն են եւ կատարում են նաեւ իշխանության հանձնարարականները (այդ թվում՝ քաղաքական)», - ամփոփված է «Առավոտ»-ում:

«Հայոց աշխարհ» թերթի տեղեկություններով, այսպես ասած՝ «ՏԷՑ-ի կրուգի» գործով ձերբակալվածների թիվը հասնում է մոտ երեք տասնյակի. - «Եվ դա կարծես վերջը չէ: Խոսվում է նաեւ, որ վերջին օրերին նշված միջադեպի մասնակիցները հանձնել կամ նրանցից առգրավվել է շուրջ չորս տասնյակ միավոր տարատեսակ հրազեն»: «Լուրերը, որ այս միջադեպի գլխավոր մասնակիցներից Համիկ անունով անձնավորությունը գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից է կամ ինչ-որ ազգական է, կարծես հաստատվում են»: Միաժամանակ, «Հայոց աշխարհ»-ում շեշտվում է. - «Պաշտոնյաները, որոնց անունները շոշափվում են միջադեպի կապակցությամբ, բնականաբար այս պատմության հետ առնչություն չունեն: Իսկ նրանցից պատասխան պահանջել ամեն մի ծանոթի կամ ազգականի համար, լուրջ չէ»: Ի վերջո մեկնաբանը հույս է հայտնում, որ ոստիկանությանը կհաջողվի, առիթն օգտագործելով, զինաթափել չափ ու սահման կորցրած, իրենց անպատժելի համարող «լավ» տղերքին, «քանզի որեւէ երաշխիք չկա, որ հաջորդ անգամ տաքգլուխների մտքով չի անցնի Հանրապետության հրապարակում «ռազբորկա» անել»:

Ըստ բազմաթիվ փորձագետների, փետրվարի 24-ին Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը կկանխորոշվեն համաշխարհային քաղաքական գործընթացների հիմնարար ուղղություններն առնվազն տասնամյակի կտրվածքով: Ու դրա ընթացքում երկու գերտերությունների ղեկավարները շոշափելու են նաեւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցը: «Հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մտավորական, քաղաքական եւ բիզնես շրջանակների նշանավոր դեմքերը հանդես են գալու նախագահներին ուղղված համատեղ դիմումով», - եւ «Առավոտ»-ի մեկնաբանը մատնանշում է հատկապես «Նյու Յորք Թայմզ» թերթում հրապարակված նրանց դիմումի տեքստի այն հատվածը, ուր գոհունակությամբ ընդհանրացված է, որ «ողջ Եվրասիական տարածաշրջանում շարունակվում է բուռն առաջընթացը, ինչը ուղեկցվում է «խորհրդային շրջանի եւ մտածելակերպի առաջնորդների՝ քաղաքական ասպարեզից հեռացմամբ»»: «Այդ առաջնորդներից առնվազն մեկին դուք շատ լավ ճանաչում եք», - եզրափակված է «Առավոտ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG