Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ դրամը կշարունակի արժեվորվել


2004 թվականին մոտ 15 տոկոսով արժեզրկված ամերիկյան դոլարը, ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի, հայկական շուկայում դիրքերը զիջելու դեռ շատ տեղ ունի:

«Այս խնդիրները արդիական են լինելու մեզ համար նաեւ 2005 թվականի ընթացքում», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Սարգսյանը՝ փաստարկելով. - «քանի որ դոլարի արժեզրկման պոտենցիալը դեռեւս ամբողջությամբ չի դրսեւորվել Հայաստանի Հանրապետությունում»:

Սարգսյանի ներկայացմամբ, դոլարի արժեզրկումը շատ անցումային երկրներում սկսել էր դրսեւորվել 2002-2003 թվականների ընթացքում:

«Եվ քանի որ դոլարը արժեզրկվել է շուրջ 35 տոկոսով եվրոյի նկատմամբ, ապա այդ պոտենցիալը դեռեւս սպառված չէ», - ասաց ԿԲ-ի նախագահը:

Բանկի նախագահը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ, անկախ դոլարի արժեզրկման չափից, Կենտրոնական բանկը որեւէ կերպ չի միջամտելու գործընթացին եւ հավատարիմ է մնալու լողացող կուրսի քաղաքականությանը։

«[Դրամի] արժեվորման վերաբերյալ մենք գնահատականներ չենք տալիս, եւ այդպիսի կանխաստեսումներ չունենք... Ինչպես նաեւ, մենք չենք կարող պայքարել դոլարի արժեզրկման դեմ: Եվ նման անիրատեսական միջոցառումներ մենք չենք պլանավորում», - բառացիորեն ասաց Կենտրոնական բանկի նախագահը:

Այդուամենայնիվ, Կենտրոնական բանկի տրամադրած 2005 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արձանագրված է, որ դրամի արդյունավետ միջին արժեվորումը դոլարի նկատմամբ կկազմի 9,7 տոկոս, իսկ գործընկեր երկրների արտարժույթների նկատմամբ՝ մոտ 4 տոկոս։

«Դոլարի արժեզրկման դեմն առնել հնարավոր չէ», - կրկնեց Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, թե այլ խնդիր է, որ մենք պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկենք, որպեսզի դրամի «սով» չզգացվի:

Նա հավաստիացրեց, որ եթե քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները համոզվեն, որ առավել ձեռնտու է խնայողությունները պահել ազգային դրամով եւ որոշեն փոխարկել իրենց դոլարները, շուկայում հայկական դրամի պակաս չի լինի:

Կենտրոնական բանկը ուշադիր հետեւելու է այդ գործընթացին ու խթանելու է դոլարը ազգային դրամով փոխարկելու գործընթացը։

«2004 թվականն ապացուցեց, որ դրամին նախապատվություն տվողները շահում են», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Այն քաղաքացիները, որոնք վերջին տարիների ընթացքում իրենց դրամային եկամուտները ձեւավորել են հայկական դրամով, շահել են: Եվ քանի որ այս միտումը շարունակվելու է, ապա ձեռնտու է լինելու խնայողությունները պահել դրամով»:

Իսկ որքան են տուժում այն ընտանիքները, որոնց հիմնական եկամուտները ձեւավորվում են դրսից ստացվող տրանսֆերտների օգնությամբ։ 2004 թվականին, Տիգրան Սարգսյանի խոսքով, այդ տրանսֆերտները մոտ 740 միլիոն դոլար են կազմել: Դրանք աճի հստակ միտումներ ունեն եւ այս տարի կարող են անցնել մեկ միլիարդ դոլարի սահմանը։

Որքանո՞վ կազդի դոլարի ու դրամի միջեւ սրվող հակամարտությունը տնտեսական աճի ցուցանիշի վրա, որի մեկ քառորդը, ըստ փորձագետների, պայմանավորված է հենց մասնավոր տրանսֆերտներով։ Կենտրոնական բանկի նախագահը այս հարցին էլ բավական ճկուն պատասխան տվեց՝ նշելով, որ երկրում դոլարիզացիայի տարածումը պայմանավորված չէ տրանսֆերտների չափով: Կարեւորը, ըստ նրա, այն է, թե ինչ մտածողություն ունեն մեր համաքաղաքացիները։ Իսկ մարդկանց մտածողությունը, Սարգսյանի կանխատեսմամբ, այս տարի էականորեն փոփոխվելու է, եւ մեր քաղաքացիները նույնիսկ դրսից ստացված տրանսֆերտները թեկուզ ցածր կուրսով փոխարկելու են դրամի ու իրենց խնայողությունները պահելու են ազգային փոխարժեքով։

Կենտրոնական բանկի մյուս կանխատեսումներով, այս տարի գների աճը կազմելու է մոտ 7 տոկոս, իսկ միջին հայաստանյան ընտանիքի եկամուտն ավելանալու է 12-14 տոկոսով:

«Վերջին տարիների ընթացքում արձանագրվում է հստակ միտում եկամուտների աճի, այն կազմում է տարեկան շուրջ 12-13 տոկոս», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը: - «Մենք կարծում ենք, որ այդ միտումը կշարունակվի նաեւ 2005 թվականին՝ շուրջ 14 տոկոս անվանական եկամուտների աճ ենք ծրագրավորում»:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG