Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի արձանագրմամբ՝ Աթկինսոնի զեկույցի հիման վրա երեկ Ստրասբուրգում ընդունված բանաձեւը ղարաբաղյան դիմակայության առնչությամբ «ընդհանուր առմամբ դրական է»: Միաժամանակ, այս թերթի մեկնաբանը նշում է. - «Զեկույցը եւ ընդունված բանաձեւը, ուր պահպանվել են ոչ հայանպաստ ձեւակերպումների մեծ մասը, ոչ թե Ղարաբաղի հարցում Հայաստանի արտաքին քաղաքականության կամ խորհրդարանական դիվանագիտության ինչ-ինչ ձախողումների հետեւանք են, այլ աշխարհաքաղաքական նոր կացության մեջ ԵԽԽՎ-ի միջոցով Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի նկատմամբ գործադրվող որոշակի հոգեբանական ներգործության հերթական դրսեւորում։ Քաղաքական որեւէ լուծում, առավել եւս նրա իրականացման մեխանիզմներ չպարունակող Աթկինսոնի զեկույցը եւ ընդունված բանաձեւը նպաստում են նաեւ եվրոպական բարձր բեմահարթակից Ղարաբաղյան խնդիրը խեղաթյուրված ներկայացնելու Ադրբեջանի ցանկությունների իրականացմանը», - ի մի է բերված «Հայոց աշխարհ»-ում։

«Առավոտ» թերթի փաստագրում է, որ զեկույցում ոչինչ չհաջողվեց փոխել: «Հայկական ժամանակ»-ն էլ ընդգծում է. - «Փաստաթուղթը պահպանել է իր նախնական` ոչ հայանպաստ բովանդակությունը: Այնտեղ, մասնավորապես, ձեւակերպված է. «Անջատողական ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։ Խորհրդարանական վեհաժողովը կրկին նշում է, որ անդամ պետության կողմից (նկատի է առնվում Հայաստանը) օտարերկրյա տարածքի գրավումը Եվրախորհրդի առջեւ տվյալ պետության պարտականությունների կատարման խախտում է... Ինքնակառավարման բարձր մակարդակով տարածաշրջանային ինքնիշխանությունը կարող է լինել առավել լավ լուծում, քան անջատումն ու անկախությունը»:

«Փաստորեն Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող, այժմ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի պատրաստած զեկույցը դարձավ բանաձեւ, որը չունի իրավական ուժ, սակայն անչափ կարեւոր է քաղաքական եւ քարոզչական առումով», -ամրագրված է «Ազգ» թերթում: «ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները քնա՞ծ են հայտնի կենդանու ականջում» վերնագրի տակ այստեղ վերջիններիս դիտողություն է արվում նաեւ, որ ոչինչ չեն ձեռնարկել, մինչդեռ «ովքեր կարդացել են Դեւիսի եւ Աթկինսոնի պատրաստած զեկույցի տեքստը, քիչ թե շատ ծանոթ են ղարաբաղյան հակամարտության ժամանակագրությանը, կարող են գտնել տասնյակ մեծ ու փոքր փաստերի կոպիտ խախտումներ»:

«Ի վերջո, ուշադրություն դարձրին», - այս երանգով է «Հայոց աշխարհ» թերթն անդրադառնում ազգային ատելություն եւ թշնամանք հարուցելու մեղադրանքով «Հայ արիական միաբանություն» կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանի կալանմանը: Ոմանց կարծիքով, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու քայլերը պայմանավորված են ոչ այնքան նրա հակահրեական դրսեւորումներով, որքան նույն անձնավորության տարփողած «երկնագույն» ցուցակներով։ «Այլապես», - հարց տալիս այսպես մտածողները, - «ինչո՞ւ ավելի վաղ ուշադրություն չի դարձվել նրա հակահրեական եւ այդ կարգի այլեւայլ ելույթներին»։ Ըստ «Հայոց աշխարհ»-ի, սակայն, Ավետիսյանի «ազգամիջյան բնույթի էքսցենտրիկ հայտարարությունները դեռ անցյալ տարվա աշնանը արժանացել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության որոշակի ուշադրությանը»։

«Մարդու ձեռքը չի գնում դրվատանքի խոսքեր գրել Երեւանի դատախազության հասցեին՝ քաղաքացիներին հայտնի է, թե ինչ կառույց է դա: Բայց զուտ ձեւական տեսակետից նրա (գուցե ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ոգեկոչված կամ ինչ-ինչ շահերով պայմանավորված) որոշումը՝ քրեական գործ հարուցել «արվամոլության գլխավոր փորձագետի» դեմ, օրինական է», - գնահատում է «Առավոտ» թերթը: - «Միայն թե ցանկալի կլիներ, որ դատախազությունը նույնքան ուշադիր լիներ ոչ միայն հրեաների ու եզդիների, այլեւ մնացած ազգերի նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու հարցում»: «Իհարկե, հոգեբանորեն դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ թուրքերն ու ազերիները մեզանից ոչնչով վատը չեն: Բայց», - շեշտում է «Առավոտ»-ը, - «իրականում ղարաբաղյան պատերազմը ոչ թե ադրբեջանցիների դեմ էր, այլ Ադրբեջանի այն ռեժիմների դեմ, որոնք փորձում էին ուժով հեռացնել ղարաբաղցիներին իրենց պատմական հողից: Ճիշտ այդպես էլ մեր պահանջներն ուղղված չեն թուրք ժողովրդին, այլ Թուրքիայի իշխանությանը, որը չի ուզում ճանաչել նախորդ կառավարությունների հրեշավոր հանցագործությունները»: Հանդուրժողականության այս աստիճանի, սակայն, մեր հասարակություն, ըստ «Առավոտ»-ի, կհասնի միայն հաջորդ՝ 22-րդ դարում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG