Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Անհանգստանալու հիմքեր չկան, բայց խորհել պետք է». - այս տրամադրությամբ է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը նայում այսօր Ստրասբուրգում քննարկվող՝ Դեյվիդ Աթկինսոնի Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցին, որ խոստանում է դառնալ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանականների միջեւ «պարբերաբար ծավալվող բանավեճերի բարձրակետը»: «Այս անգամ մեր խորհրդարանականները հանգամանալից նախապատրաստվել են «եվրոպական ռինգ» դուրս գալու համար եւ, բացի դրանից, հայկական պատվիրակությունը, որպես մեկ ամբողջություն, մարտականորեն է տրամադրված ու միասնական է՝ առնվազն Ղարաբաղի հարցում», - հավելում է «Հայոց աշխարհ»-ը: Միաժամանակ, մեկնաբանն ընդգծում է. - «Ի վերջո, ինչքան էլ համոզված լինենք, որ Ղարաբաղի հարցը վճռահատվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչքան էլ գիտակցենք ԵԽԽՎ բանաձեւերի սոսկ խորհրդատվական բնույթ ունենալու փաստը, չենք կարող նաեւ հաշվի չառնել այն իրողությունը, որ Եվրոպայում խեղաթյուրված պատկերացումների շարունակական տարածումը ապագայում կարող է վնասել Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերին»: Մի խոսքով, ակնկալիքը մեր խորհրդականներից «Հայոց աշխարհ»-ում հետեւյալն է. - «Նրանք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե Աթկինսոնի կողմից առաջարկված նախագծում սեփական ճշմարտության չափաբաժինը մեծացնելու, այլ մի շարք անընդունելի կետերը անորոշ, երկիմաստ եւ ոչ հստակ դարձնելու վրա»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի խտացմամբ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական շրջանակները բավականին մռայլ կանխատեսումներ ունեն Աթկինսոնի զեկույցի հետեւանքների վերաբերյալ»: «Գույներն է’լ ավելի են խտանում, քանզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի սկանդալային երկու հայտարարություններին հետեւել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը, ուր հստակորեն մատնանշված է, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ենթատեքստում», - ավելացնում է մեկնաբանը՝ ընդհանրացնելով. - «Հայաստանի համար ստեղծված է բավականին անբարենպաստ ֆոն: Նման կառույցների դիրքորոշումները, գումարվելով իրար, ի վերջո, ստեղծում են մթնոլորտ եւ փաստաթղթային բազա, որն էապես կարող է ազդել հենց որոշում ընդունելու լիազորություն ունեցողների վրա եւ ամենակարեւորը՝ գերտերությունների դիրքորոշման վրա»: Ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ում շաղկապված է. - «Աշխարհաքաղաքական բավականին դրամատիկ իրավիճակում այժմ ե’ւ իշխանական, ե’ւ ընդդիմադիր դաշտերում ընթանում են վերադասավորման եւ կողմնորոշումների գործընթացներ, ու առայժմ դեռեւս չեն բյուրեղացել ուժի այն կենտրոնները, որոնք հանդես են գալու հստակ գաղափարախոսությամբ եւ հստակ ռազմավարությամբ: Եվ քանի որ արտաքին քաղաքական գործոնները այնպիսին են, որ պահանջում են բավականին արագ կողմնորոշում, ապա չպետք է բացառել առաջիկայում քաղաքական դաշտում այնպիսի դաշինքների եւ ֆորմատների հայտնությունը, որոնք այս պահին կամ գոնե առնվազն մի քանի ամիս առաջ ֆանտաստիկ կթվային»:

«Եթե ճիշտ է այն պնդումը, որ պատմությունը որոշակի պարբերականությամբ կրկնվում է, ապա իսկը ժամանակն է, որ Հայաստանի իշխանական էլիտային կրկին փոխարինելու գա Ստեփանակերտի վարչախումբը», - կարծում է «Առավոտ» թերթի մեկնաբանը՝ հատկապես մատնանշելով. - «Այդպիսի մտահանգման օգտին է խոսում այն հանգամանքը, որ Երեւանի ու Ստեփանակերտի «ղարաբաղյան» ընկալումների մեջ դարձյալ նկատելի ճեղքվածքներ են առաջացել»: Ինչ վերաբերում է նման անցման դրական կողմերին, «Առավոտ»-ում ուրվագծված է. - «Այդպիսով Հայաստանում հիմնավորապես իշխող ղարաբաղյան կլանին անհանգստացնելու կարիք չի լինի (ինչը խիստ վտանգավոր կլիներ), քանզի իմաստ չունի մի ղարաբաղյան կլանը փոխարինել մեկ այլ ղարաբաղյան կլանով: Իսկ արդյունքում էլ կստանանք առնվազն երկու շոշափելի «օգուտ». առաջինը՝ նույն կլանի համապատկերում գործող, բայց հայաստանյան հասարակայնության համար քիչ թե շատ ընկալելի ու քիչ թե շատ տանելի մեկ ուրիշ առաջնորդ, եւ ապա՝ ղարաբաղյան հակամարտության՝ մեզ համար ավելի ու ավելի աննպաստ դարձող կարգավորման գործընթացի օբյեկտիվ ձգձգում եւ ստատուս-քվոյի նույնքան օբյեկտիվ պահպանում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ամփոփմամբ՝ Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունների շուրջ միջադեպը սպառված է, բայց «սպառված չէ այդ միջադեպի քննարկման ժամանակ հայրենի քաղաքական դաշտի՝ մասնավորապես, որոշ ընդդիմադիրների ցուցաբերած վարքի վերլուծության անհրաժեշտությունը»: Այդ առումով հարկ է համարվում վրդովմունք շեշտել. - «Այս ամբողջ պատմության ընթացքում չգտնվեց մի ընդդիմադիր, որ համարձակվեր ընդդիմանալ պետքարտուղարի օգնականի արտահայտությանը եւ անընդունելի համարեր նման ձեւակերպումը՝ համապատասխանաբար պահանջելով, որ նա սրբագրի ասվածը»:

Արտգործնախարար Օսկանյանի հայտարարությունը, թե Էլիզաբեթ Ջոնսը զանգել է իրեն եւ ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող իր հայտնի հայտարարության համար, ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ «տարակուսանք է առաջացրել ԱՄՆ պետքարտուղարությունում եւ կարող է հայ-ամերիկյան հարաբերություններում առաջացնել հերթական կնճիռը»: «Բանն այն է, որ Էլիզաբեթ Ջոնսը իրականում ներողություն չի խնդրել Օսկանյանից, այլ ընդամենը ասել է, թե ցավում է, որ իր հայտարարությունը նման արձագանքի է արժանացել», - ճշգրտում է «Հայկական ժամանակ»-ը՝ այս վարկածի օգտին նաեւ վկայակոչելով. - «Էլեկտրոնային լրատվամիջոցները, իրենց հաղորդումներում Օսկանյանի հայտարարությունը վերապատմելով, ներկայացնում էին ճիշտ տարբերակը եւ ասում, որ Ջոնսը ցավ է հայտնել հայտարարության արձագանքների կապակցությամբ ու «ներողություն» բառը չէին օգտագործել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG