Մատչելիության հղումներ

Կառավարությունը առաջարկում է բարձրացնել տուգանքները բնությանը հասցված վնասի համար


Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Բնապահպանական խախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի նախագիծը։

«Սա լուրջ պատժամիջոցներ են», - կառավարության նիստից հետո լրագորղներին ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: - «Այս օրենքի կիրարկումը լրջագույն խնդիրներից մեկն է՝ այս դաշտը կանոնակարգելու»:

Պարզաբանումներ տալով՝ նախարարն ասաց, որ հատկապես շատ մեծ դրամական տուգանքներ են նախատեսված Կարմիր գրքում գրանցված կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչների ոչնչացման համար:

«Բեզորյան այծի որսը՝ 6000 ամերիկյան դոլարին համարժեք վնասի փոխհատուցում», - օրինակ բերեց նախարարը՝ շարունակելով, թե ապօրինի կզաքիս սպանելը որսագողի վրա կնստի 150 դոլար, ոզնի՝ 50 դոլար, ջրակուղբ՝ 100 դոլար, ազնվացեղ եղջերու՝ 2000, լուսան՝ 400 դոլար։

Սեւանա լճից մեկ իշխանի ապօրինի որսը ձկնգողի վրա կնստի 10 դոլար: 80 սանտիմետր եւ ավելի տրամագծով բուն ունեցող մեկ ծառի ապօրինի հատումը օրինախախտի վրա կնստի 100-150 դոլար, իսկ մայրաքաղաքի կանաչապատ տարածքի մեկ քառակուսի մետրի ոչնչացումը՝ 400 դոլար եւ այլն։

Հարցին, թե արդյո՞ք մեծ տուգանքները չեն խթանի կոռուպցիան, ինչպես պետավտոտեսչության համակարգում, երբ շատ բարձր տուգանքները օրինախախտ վարորդների եւ ավտոտեսուչների համար ավելի ձեռնտու են դարձնում կաշառքի տարբերակը, Վարդան Այվազյանը բացառեց նման զուգահեռ անցկացնելու տարբերակը՝ ասելով, թե կգործի «հստակ վերահսկողության մեխանիզմ»:.

Մինչեւ հիմա էլ վերահսկողություն եղել է, սակայն բնության հազվագյուտ տեսակների անխնա ոչնչացումը շարունակվում է։ Նախարարը ընդունում է, որ դա առավելապես սոցիալական խնդիր է՝ աղքատ երկրին բնորոշ վիճակ։ Այդուհանդերձ, նրա պնդմամբ, հասարակ քաղաքացիները չեն, որ զավթում են անտառային տարածքները եւ այնտեղ «դաչաներ» կառուցում:

Իրոք, Ծաղկաձորի հանգստի գոտու անտառների ոչնչացումը իրականացրել են զինված սափրագլուխների բանակով շրջող ամենազոր օլիգարխները, ու դա, թերեւս, արել են ոչ առանց բնապահպանության նախարարության գիտության։

Որպես սփոփանք Վարդան Այվազյանը ասաց նաեւ, որ այդ տեսանկյունից Հայաստանում վիճակն ավելի բարվոք է, քան ԱՊՀ մյուս երկրներում։ Օրինակ, հարեւան Վրաստանում հատվել է անտառների 38-40 տոկոսը, մինչդեռ Հայաստանում՝ ընդամենը 11 տոկոսը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG