Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Երեւանի համար պարզաբանում է Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը չորեքշաբթի օրը տարածել է հաղորդագրություն, որով ներկայացրել է Վաշինգտոնից ստացված տեղեկագրությունը Պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի՝ «Մոսքու թայմզ» թերթի մեջբերած հայտարարության վերաբերյալ:

«Նախագահ Բուշին անհանգստացնում է հանգամանքը, որ Ռուսաստանը բավական ճնշում չի գործադրում Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելու համար», - հունվարի 13-ին Մոսկվայի լրագրողների հետ թվային վիդեոկոնֆերանսի ժամանակ հայտարարել էր Էլիզաբեթ Ջոնսը: - «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները»:

«ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ չի փոխվել: Միացյալ Նահանգները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետականություն, իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը չի ընդունվում միջազգայնորեն կամ էլ Միացյալ Նահանգների կողմից», - ասված է հրապարակված պարզաբանման մեջ:

Ասվում է նաեւ, որ «Միացյալ Նահանգները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականույթունը» եւ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի «ապագա կարգավիճակը որոշվելու է կողմերի միջեւ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի միջոցով». - «Միացյալ Նահանգները Մինսկի խմբի միջոցով շարունակում են ակտիվորեն օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեզ հուսադրում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ ընթացող շարունակական բանակցությունները»:

«Ջոնսը շեշտադրում է հակամարտությունների կարգավորման եւ հակամարտությունների վայրերում թափանցիկության մեծացման եւ օրենքի գերակայության հաստատման հարցում ԱՄՆ եւ Ռուսաստանի համատեղ աշխատելու անհրաժեշտությունը», - պարզաբանել է Վաշինգտոնը: - «Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պայմանավորված է առանձին ու բացառիկ հանգամանքներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG