Մատչելիության հղումներ

Հայկական զորախումբը մեկնում է Իրաք


Երեքշաբթի օրը հայկական զորախումբը ամերիկյան «Հելկուլես» տիպի օդանավով Երեւանից մեկնեց Քուվեյթ, որտեղից երկշաբաթյա ադապտացիոն շրջանից հետո հայ սակրավորները, վարորդներն ու բժիշկները կմեկնեն Իրաք՝ միանալու Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերին՝ լեհական դիվիզիայի կազմում: Հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրը Ալ-Հիլա քաղաքն է լինելու:

Կապի սպա Արմեն Մարտիրոսյանը, որը ծառայելու է բազմազգ դիվիզիայի շտաբում, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բոլոր գործողությունները կոորդինացնելու են պաշտպանության նախարարության հետ:

«Բարի ճանապարհ ենք ցանկանում մեր երիտասարդներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մեկնող զինվորականներից մեկի ազգականը: - «Թող մեր Հայաստանի զորքերն էլ օգնեն ուրիշ երկրների նեղությանը»:

«Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից հայ զինվորականներին ճանապարհում է ազգականները, ընկերները, մտերիմները, մթնոլորտը ինչ-որ չափով նմանվում էր նորակոչիկներին բանակ ճանապարհելուն` լուսանկարվում էին, հնչում էր երաժշտություն, շատերը պարում էին: Այդուհանդերձ, նաեւ վատ քողարկված հուզմունք կար, արցունքախառն աչքեր:

Տեղի ունեցած պաշտոնական արարողության ընթացքում նախ ընթերցվեց պաշտպանության նախարարի հրամանը 46 զինծառայողների 6 ամիս ժամկետով Իրաք գործուղելու մասին: Ապա ելույթ ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

«Մեր առաքելությունն Իրաքում զուտ մարդասիրական է», - ասաց նա: - «Մենք ընտրել ենք Իրաքի ժողովրդին օգնելու առավել անհրաժեշտ եղանակները՝ բժշկություն, ականազերծում եւ տրանսպորտային փոխադրումներ, որոնք ուղղված են մարդկային կյանքեր փրկելու նվիրական գործին»:

Նախարարը ավելացրեց, որ սա ոչ թե սոսկ առաջադրանքի կատարում է, այլեւ «պատվաբեր եւ պարտավորեցնող առաքելություն»:

Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում Միացյալ Նհանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը:

«Մենք ողջունում ենք Իրաք զորախումբ ուղարկելու մասին Հայաստանի Հանրապետության որոշումը», - լրագրողներին ասաց Էվանսը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG