Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե բացեք ամերիկյան ցանկացած թերթ, կտեսնեք, որ Ռուսաստանի, ինչպես նաեւ Բելառուսի, Հայաստանի, միջինասիական երկրների մասին հիշատակումները մեծ մասամբ խիստ բացասական են: Քննադատությունը հիմնականում արդարացի է՝ ավտորիտարիզմ, կոռուպցիա, խոսքի ազատության սահմանափակումներ եւ այլն: Այլ հարց է, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան ակտիվացել: Ամենաշատը նրան, անշուշտ, անհանգստացնում է Ռուսաստանը, որն իրոք իր որոշ դրսեւորումներով ավելի ու ավելի է նմանվում Խորհրդային Միությանը», - վերլուծում է այսօր «Առավոտ» թերթի խմբագիրը: - «Նույն «կուսնոմենկլատուրային» միջոցառումները, որոնք, չգիտես ինչու, կոչվում են «ընտրություններ», նույն վարդագույն իրականության ներկայացումը հեռուստատեսությամբ, առաջին դեմքի նույն փառաբանումը: Բնականաբար, այդ հունով են ընթանում նաեւ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրները, այդ թվում՝ մենք»: «Իսկ Միացյալ Նահանգներն այսօր իրենց մեջ ուժ են զգում վերջնականապես հաստատել աշխարհում սեփական կարգը եւ սեւեռվել են այն երկրների վրա, որոնք այդ հավակնությունների իրականացմանը կարող են խանգարել: Ռուսաստանը տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ թույլ է Խորհրդային Միությունից, եւ այս մրցակցության մեջ հաղթելու որեւէ հեռանկար չունի: Սա պետք է հաշվի առնեն մեր պատկան այրերը, որոնք առայժմ իրենց «խաղագումարը» դրել են ի սկզբանե թույլ «ձիու» վրա», - ընդգծվում է «Առավոտ»-ում: - «Միեւնույն ժամանակ, Հայաստանի քաղաքացիներս չպիտի կողմնորոշվենք նաեւ հայրենի ընդդիմության նման, որ հիմա այնպիսի ինքնամոռացությամբ է տրվում ամերիկացիներին, կարծես օվկիանոսից այն կողմ իրենց իսկապես խոստացել են Հայաստանում հեղափոխություն իրականացնել... Բոլոր դեպքերում արժեքային համակարգը պետք է ընտրենք մենք՝ առանց դրսից որեւէ թելադրանքի»:

«Ընդամենը երկակի ստանդարտների սովորական դրսեւորո՞ւմ է, թե՞ գործ ունենք հետեւողական սեւ պիարի հետ, որի թիրախը Հայաստանն է»: Այս հարցականով է «Հայոց աշխարհ» թերթը քննադատում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ Human Rights Watch-ի տարեկան զեկույցը Հայաստանի վերաբերյալ ու դրան հետեւած ընդդիմադիր արձագանքները. - «Ոգեւորված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների իրականությանը ոչ միշտ համահունչ գնահատականներից, սրանք նոր եռանդով կսկսեն շահարկել, թե ժողովրդավարության դեմ թույլ տրված սույն հրեշավոր ոտնձգությունները անհուսալիորեն թուլացրել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Եվ, իհարկե, անգամ կես խոսք չեն ասի այն մասին, որ նույն զեկույցի Ադրբեջանին վերաբերող գնահատականները անհամեմատ կոշտ են»:

Գրող Գուրգեն Խանջյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում արձանագրում է. - «Ժողովրդին անընդհատ խումհարային վիճակում պահելու միտումներ կան։ Գուցե այդպես ավելի հեշտ է մանիպուլյացիաներ անել։ Ու շարունակ ինչ-որ երկրորդական, անհասկանալի խնդիրներ են առաջադրվում... Երբ նայում եմ հեռուստացույցը ալիքից ալիք, զգում եմ, որ ժողովրդին խումհարի մեջ գցողները շատ են»։ «Շատ կցանկանայի, որ վերջապես քաղաքական դաշտում հիմա դերակատար դառնային նրանք, ովքեր էլ հին պարտքեր չունեն։ Այսինքն՝ որեւէ մեկին պարտական չեն, ոչ մեկից չեն վախենում, պոչները ստվերայինի տակ չի», - ասում է Գուրգեն Խանջյանը։ - «Բայց սկսել եմ կարծել, որ նման մարդիկ առհասարակ գոյություն չունեն... Վերեւներից էլ ոչ ոք չի նստում ժողովրդին հանգամանալից ասի, թե ինչն ինչոց է: Ոչ մեկը մի նորմալ, պարզ ու հասկանալի բան չի ասում»:

«Հայկական ժամանակ» թերթի «Լավատես՝ ինչպես միշտ» խորագրի ներքո հարցազրույցում նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հավաստիացնում է. - «ժողովուրդն ընդդիմությունից լուրջ սպասելիքներ ունի, եւ ժողովրդի համար կրկին հրատապ են նույն հարցերը՝ ե՞րբ եւ ինչպե՞ս: Հերթը հերթական ընտրություններին չի հասնելու, եւ դրա համար կան անհրաժեշտ բոլոր ռեսուրսները»: Արամ Սարգսյանի ընկալմամբ, այն, ինչի մասին այս օրերին այդքան «ինտենսիվ խոսում է Քոչարյանը, իր մեջ կրիմինալ է պարունակում». - «Այսինքն, նա գիտի, թե ովքեր են այս երկրում հարկեր թաքցնում, ովքեր են օրենքներ շրջանցում, եւ ինքն ընդամենն իմացող՝ չհայտնող է»: «Քոչարյանն այսօր Դուբայի շեյխերին բնորոշ ապրելակերպով է ապրում, եւ դա հենց այն մարդկանց փողերով է, ում, իբր, սպառնում է», - ասում է ընդդիմության ներկայացուցիչը: - «Ինքն ամենակոռումպացվածն է, ուստի որեւէ ռեսուրս չունի կոռումպացված օլիգարխներից կամ պաշտոնյաներից որեւէ մեկին փոքր-ինչ նեղացնելու համար»: Արամ Սարգսյանը ամփոփել է. - «Ակտիվ գործընթացներ Հայաստանում միանշանակ լինելու են, եւ՝ շատ մոտ ժամանակներում»:

Հունվարի վերջերին ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը մոնիտորինգ է անցկացնելու ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, համոզվելու՝ արդյոք Հայաստանը յուրացման եւ բնակեցման պետական քաղաքականությո՞ւն է իրականացնում այդ վայրերում: Նախքան փաստահավաք առաքելության ժամանումը «Ազգ»-ի թղթակիցը մի քանի օր է անցկացրել այդ շրջաններում եւ փոխանցում է. - «Պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի պնդումները, թե անվտանգության գոտում վերաբնակեցման պետական քաղաքականություն չի իրականացվում, ցավոք, համապատասխանում են իրականությանը»: «Ըստ էության, պաշտոնական Երեւանը ոչ միայն չի վերաբնակեցնում եւ յուրացնում անվտանգության գոտին կամ, ադրբեջանական բառապաշարով ասած, գրավյալ շրջանները, այլեւ իր գործողություններով վարկաբեկում է վերաբնակեցման գաղափարը», - գնահատվում է «Ազգ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG