Մատչելիության հղումներ

Հայ պատգամավորները մեկնել են Սլովենիա


Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատգամավորական խումբը այսօր մեկնել է Սլովենիա՝ մասնակցելու Լյուբլյանայում բրիտանական «Լինքս» կազմակերպության օժանդակությամբ իրակացվող Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության նիստին:

«Քանի որ Հայաստանը նախագահող է Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում, եւ հունվարին ավարտվում է, մենք նախատեսում էինք կոնֆերանսի անցկացում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Տիգրան Թորոսյանը:

Ըստ փոխխոսնակի, անցած տարվա հոկտեմբերին Երեւանում պետք է տեղի ունենար «Մեր ընտրությունը եւ եվրոինտեգրացիան» կոնֆերանսը՝ տարբեր հեղինակավոր համալսարանների եւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կոնֆերանսում քննության էին առնվելու գործընթացի քաղաքական, իրավական եւ պետական հիմքերը:

«Ցավոք սրտի, Ադրբեջանի պատվիրակության կողմից խոչընդոտների պատճառով, հոկտեմբերին նիստը չկայացավ», - ասաց Թորոսյանը: Այդուհանդերձ, կոնֆերանսը կկայանա Լյուբլյանայում խորհրդարանական նախաձեռնության նիստի երկրորդ օրը՝ հունվարի 18-ին, որտեղ եւ Հայաստանը նախագահությունը կփոխանցի Ադրբեջանին՝ 6 ամիս ժամկետով:

«Կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք նորից ստանձնել նախագահությունը՝ թերեւս, հաջորդ հունվարին, եւ նորից մեր ծրագրերը շարունակել», - ասել է Տիգրան Թորոսյանը:

Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG