Մատչելիության հղումներ

Երեւանի իշխանությունները կրկին փորձում են արգելել փողոցային առեւտուրը


Այսօրվանից ուժի մեջ է մտել Երեւանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առեւտուրն արգելելու մասին: Այն կայացվել էր անցած տարեվերջին, սակայն ամանորյա տոների կապակցությամբ դրա կիրառումը մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես հետաձգվել էր:

Նախկինում քաղաքապետարանը փողոցային առեւտուրն արգելելու մի քանի ապարդյուն փորձեր ձեռնարկել էր: Այս անգամ, փոխքաղաքապետ Արման Սահակյանի փոխանցմամբ, մայրաքաղաքի համայնքների հետ հատուկ միջոցառումների ծրագիր է մշակվել. թաղապետարաններն ու ոստիկանությունը հսկելու են, որպեսզի փողոցներում «ոչ հիգենիկ պայմաններում սննդամթերք չվաճառվի»:

«15 եւ ավելի տարիներ գոյություն ունեցող փողոցային առեւտուրը միանգամից անհնարին է արմատախիլ անել», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Սահակյանը: - «Բայց, համենայն դեպս., պիտի փորձենք»:

«Քանի որ դա նաեւ սոցիալական խնդիր է որոշ ընտանիքների համար, պիտի փորձենք այլընտրանքային տարբերակներ առաջարկել», - ավելացրեց փոխքաղաքապետը:

Այլընտրանքային տարբերակներից են առեւտուրը նորոգված նախկին շուկաները տեղափոխելը կամ նոր շուկաներ ստեղծելը: Փողոցում առեւտրով զբաղվողները, սակայն, կամ տեղյակ չէին, կամ էլ ասում էին, թե իրենք ի վիճակի չեն վճարել շուկաներում առեւտուր անելու համար գանձվող վճարը:

«Ի՞նչ եմ աշխատում, որ կարողանամ այդ տեղի վճարն էլ տալ: Օրվա հացի փող եմ աշխատում», - վրդովված ասաց նրանցից մեկը: - «Երեք երեխա ունեմ: Աշխատանքի տեղ թող տան՝ գնամ աշխատեմ»:

«Ես ինքս մանկավարժ եմ, բայց այսօր ձու եմ վաճառում, որ կարողանամ հացի փող վաստակել», - ավելացրեց մեկ ուրիշը: - «Գնամ մուրացկանությո՞ւն անեմ, թե՞ գողություն»:

Գնորդները, իհարկե, դժգոհ են, որ փողոցում հաց, գյուղմթերք է վաճառվում, բայց այդուհանդերձ, պաշտպանում են փողոցում առեւտրով զբաղվողներին:

«Ուզում են հարկային դաշտ վերադարձնել այս մանր վաճառականներին», - ասաց մի կին: - «Բայց ավելի լավ է [հարկային դաշտ] վերադարձնեն օլիգարխներին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG