Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը տարվա առաջին համարում զուգահեռում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները իրենց ամանորյա ելույթներում արտահայտվեցին «երանելի» ժամանակների նույն ոգով: «Պուտինը խոսում էր սոցիալական պաշտպանվածության եւ առողջապահության համակարգի մատչելիության, Քոչարյանը՝ կյանքի որակի բարձրացման եւ դարձյալ սոցիալական պաշտպանվածության մասին: Անշուշտ, սրանք կարեւոր խնդիրներ են, որոնց լուծումը էական է որեւէ պետության եւ իշխանության համար: Հարցն այն է, սակայն», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը, - «որ նախագահները իրենց ուղերձներում սոցիալական եւ ռազմական պաշտպանության թեմաներից այն կողմ չանցան եւ ոչինչ չասացին քաղաքացու քաղաքական, իրավական, բարոյական պաշտպանվածության եւ այսօրինակ այլ արժեքների մասին: Ասել է թե՝ այս տիպի ղեկավարները իրենց երկրի քաղաքացիներին վերաբերում են որպես ամբոխի, որի պահանջմունքները ամփոփված են «ուտելիք» հասկացության մեջ»: Ըստ թերթի՝ Հայաստանը եւ նույն քաղաքական մակարդակում գտնվող մյուս երկրները հասել են մի հանգրվանի, որտեղ այլեւս չկան լոկալ լուծումներ, եւ որեւէ պրոբլեմի հաղթահարում` սկսած ապօրինի շինարարությունից մինչեւ երթեւեկության կարգուկանոնի հաստատում, այլեւս միայն քաղաքական լուծումներ պահանջող խնդիր է. - «Կյանքի որակի բարձրացման առաջին քայլը պետության ղեկավարության որակի բարձրացումն է»:

Անդրադառնալով անցած տարեվերջին եւ այս տարվա սկզբին նախագահ Քոչարյանի հնչեցրած զգուշացմանը, թե այսուհետ հարկումները գործարարներից լինելու են խիստ օրինական՝ «Առավոտ»-ի խմբագիրը ուրվագծում է. - «Եթե (ֆանտաստիկ տարբերակի դեպքում) օլիգարխներին ստիպեն հարգել օրենքը, ապա վերջիններս իրավունք կունենան իշխանություններից նեղանալու: Քանզի Հայաստանում ոչ մի օլիգարխ առանց բարձր իշխանական «տանիքի» չէր կարող գոյատեւել եւ ոչ մի վայրկյան: Իսկ տանիքը նշանակում է, որ տվյալ իշխանավորը կամ «փայի մեջ է» տվյալ գործարարի հետ, կամ էլ պարբերաբար տվյալ գործարարից «նալոգ» է ստանում՝ օրենքը խախտելու երաշխիքների դիմաց: Ինչպե՞ս չնեղանալ, եթե «նալոգ» վերցնողները կամ «փայ մտնողները» հանկարծ որոշեն ստիպել՝ հարգել օրենքները: Իրականում ամեն ինչ վերածվելու է «վարչարարությունը խստացնելու» կամպանիայի, որի արդյունքում գործարարների մուծած անօրինական «նալոգները» կդառնան ավելի մեծ եւ բազմազան»: Խմբագրի ամփոփմամբ, սակայն, իրականում օլիգարխներին ոչ ոք այդպես էլ ձեռք չի տա:

Լեւոն Տեր-Պետրոսյանի 60-ամյակի առիթով դիտարկումներում «Առավոտ»-ի խմբագիրը այսօր արձանագրում է, որ վերագրվող առասպել-մեղադրանքների կողքին, այնուամենայնիվ, 1990-1997 թվականներին կային «իրական լուրջ սխալներ եւ բացթողումներ»: Մասնավորապես՝ «կոմունիստական կադրերին չափից դուրս մեծ տեղ տալը, 1994-ից հետո քաղաքական եւ տնտեսական շատ լծակներ բանակին եւ անձամբ Վազգեն Սարգսյանին փոխանցելը, առաջին իշխանամերձ «օլիգարխների» ի հայտ գալը, 95-96 թվականների ընտրություններում ժողովրդավարական նորմերից նահանջելը»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, «Առավոտ»-ում գնահատված է. - «97-ին Տեր-Պետրոսյանը 100 տոկոսով ճիշտ էր, իսկ նրա ընդդիմախոսները՝ 100 տոկոսով սխալ (չնայած այդ ընդդիմախոսների մեծ մասը բարեխիղճ մոլորության մեջ էր): Իսկ այն, որ 97-ի փուլային տարբերակով Ղարաբաղը հռչակվում էր Ադրբեջանի մաս, 100 տոկոսանոց սուտ է: Եթե այսօր բանակցային սեղանին դրված է նույն 97-ի տարբերակը՝ գումարած հանրաքվեի, թեկուզ անորոշ, հեռանկար, այդպիսի լուծմանը պետք է աջակցել», - շեշտում է խմբագիրը: - «Որովհետեւ այդ հարցի լուծումից հետո մենք կապրենք բոլորովին այլ Հայաստանում եւ այլ տարածաշրջանում: Ավելի քաղաքակիրթ, ավելի ազատ, ավելի զարգացած»:

«Ազգ» թերթում էլ այսօր եղած տեղեկությունների հիման վրա հնարավորինս որոշակիացված է, թե չի բացառվում, որ պրահյան գործընթացում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն ստորագրել ղարաբաղյան կարգավորման մի միջանկյալ պայմանագիր, ըստ որի՝ ղարաբաղյան ուժերը դուրս գան իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական որոշ տարածքներից, փոխարենը Բաքուն համաձայնի Լեռնային Ղարաբաղի կառավարումը Հայաստանին հանձնելուն՝ պայմանով, որ 5 կամ 10 տարի հետո Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար անցկացվի հանրաքվե: «Միջազգային հանրությունն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին տարիներին սկսել է հակամարտությունների կարգավորման համար ընտրել հանրաքվեի ճանապարհը», - նշում է «Ազգ»-ի մեկնաբանը՝ նկատի ունենալով մասնավորապես նման մոտեցման վերջին դրսեւորումը Սուդանում:

«Հեռանկարներ» խորագրի տակ «Հայոց աշխարհ» թերթում խտացված է. - «2005 թվականի գլխավոր հուսադրող հեռանկարը 1990-ական թվականների սկզբներից շարունակվող Հայաստանի շրջափակման օղակի ճեղքման միանգամայն իրական դարձող հնարավորությունն է»: «Դրա հետեւանքով կարող է ապահովվել երկու հիմնական խնդիրների լուծումը», - նշում է մեկնաբանը: - «Ներքաղաքական կայունության հետագա ամրապնդումը՝ տնտեսական կացության անխուսափելի բարվոքման հետ կապված, Հայաստանի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում եւ մանավանդ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված բանակցություններում, քանի որ Ադրբեջանը կզրկվի «ապաշրջափակում՝ տարածքների վերադարձի դիմաց» բանաձեւը խաղարկելու հնարավորությունից»: Միաժամանակ, մեկնաբանը շեշտադրում է. - «Տարածաշրջանով շահագրգիռ բոլոր ուժերի կենտրոնների հետ Հայաստանի ներկա հավասարակշռված ու բազմաբեւեռ հարաբերությունների պահպանումն ու հետագա խորացումն է միայն շրջափակման օղակի ճեղքման վճռորոշ պայմանը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG