Մատչելիության հղումներ

Իրաքում զոհվել են 7 ուկրաինացի զինվորականներ եւ 1 ղազախ սակրավոր


7 ուկրաինացի զինվորական եւ 1 ղազախ սակրավոր է զոհվել Իրաքի կենտրոնական Վասիթ մարզում կիրակի օրը հնչած պայթյունի հետեւանքով: Եվս 7 ուկրաինացի եւ 4 ղազախ զինվորականների վիրավորվել են:

«Ֆրանսպրես» գործակալությանը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե Իրաքում Լեհաստանի ղեկավարության տակ բազմազգ դիվիզիայի կազմում ծառայություն անցնող ուկրաինացի զինվորականները եւ ղազախ սակրավորները իրականացնում են ականազերծման աշխատանքներ Իրաքի կենտրոնական մասերում:

Ըստ աղբյուրի, սակրավորները տեղափոխում էին Աս Սուվայրահ ռազմակայանի մոտակայքում գտնված ավելի քան 35 հեռակառավարմամբ ռումբերը: Այն բանից հետո, երբ դրանք ականազերծվել են, հնչել է պայթյունը, որի պատճառներ այժմ ուսումնասիրվում են:

Զոհված զինվորականների ընտանիքներին իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման, որից Ուկրաինայի Գերագույն Ռադան պահանջել էր հետ կանչել 2003 թվականի օգոստոսից Իրաքում տեղակայված 1600 հոգանոց ուկրաինական զորախումբը: Այդ պահանջին նախընտրական պայքարի ընթացքում միացել էր նաեւ Վիկտոր Յուշենկոն:

Մինչեւ կիրակնօրյա պատահարը, Իրաքում զոհվել էին 9 զինվորական, եւս 20-ը վիրավորվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG