Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղում հանդես է գալու «կառուցողական ընդդիմության» դիրքերից


«Մինչեւ հիմա եթե մենք մաս էինք կազմում գործադիր իշխանությանը, հետայսու փաստորեն լինելու ենք ընդդիմադիր, բայց կառուցողական ընդդիմադիր», - «Ազատություն» ռադիոկայանին Ստեփանակերտից հեռախոսով ասել է Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի քարտուղար Ժիրայր Շահիջանյանը՝ նկատի ունենալով ԼՂՀ նախագահի կադրային նշանակումներին հետեւած Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի՝ տարեմուտին տարածած հայտարարությունը:

Դաշնակցության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը մայիս֊-հունիսին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մտահոգությամբ է, որ պաշտոնից ազատել է կրթության, մշակույթի, սպորտի դաշնակցական նախարար Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով նրան աշխատանքի անցնել որպես նախագահի խորհրդական:

Ամանորի տոների նախօրեին տարածած հայտարարությամբ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն ոչ միայն հետ է կանչել գործադիր իշխանությունում իր ներկայացուցիչներին, մերժել խորհրդականի տեղը, այլեւ նախազգուշացրել է, թե Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հարաբերությունների հետագա անցանկալի զարգացման դեպքում պատասխանատվությունն ընկնում է նախագահի վրա:

«Հետագայում մենք արդեն ոչ մի խնդիր իր հետ [նախագահ Ղուկասյանի] չենք քննարկի», - ասաց Ժիրայր Շահիջանյանը:

Դաշնակցության բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լարված հարաբերությունների հետեւանքի մասին՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հույս հայտնեց, որ դրանք ոչ թե բացասական, այլ դրական կլինեն, եւ «նախագահը [Արկադի Ղուկասյանը] ի վերջո կանդրադառնա Դաշնակցության հետ իր հարաբերությունները շտկելու քայլերին»:

Կիրո Մանոյանն ասաց, որ հայտարարությունն ամբողջովին արտահայտում է կուսակցության տեսակետն այն իմաստով, որ Լեռնային Ղարաբաղում կուսակցության քաղաքականությունը ճշտում է Արցախի կենտրոնական կոմիտեն, ուստի վերջինիս գնահատականն ամբողջ կուսակցության գնահատականն է:

Մանոյանը նաեւ «առնչություն չի տեսնում» Դաշնակցություն – ԼՂՀ իշխանություններ հարաբերությունների սրման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկայիս փուլի միջեւ:

«Մենք ցավ ենք հայտնում, որ նախագահը այսօրվա նուրբ պահը անտեսելով այդպիսի քայլի է գնացել», - ասաց Մանոյանը:

«Ղուկասյանին հանգիստ չի տվել տեղական ինքնակառավարման մարմինների անցած ընտրություններում Դաշնակցության եւ ժողովրդավարական այլ ուժերի ձեռք բերած համեմատական հաջողությունը: Նա լուրջ մտահոգություն է ապրում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին», - ասված էր տարեմուտին Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարեւորելով՝ Դաշնակցությունը նպատակահարմար չի գտել այս պահին հետ կանչել նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր անվտանգության խորհրդում իր ներկայացուցչին: Բացի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից, Դաշնակցությունն այս ոլորտում նաեւ փոխնախարար ուներ, ինչպես նաեւ՝ միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի երեսուներեք պատգամավորից 9-ը դաշնակցական է, այդ թվում՝ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ փոխանցել նախագահ Ղուկասյանի արձագանքը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությանը, նախ ասաց, որ Արմեն Սարգսյանի պաշտոնանկությունը «թելադրված է ԼՂՀ-ում իրականացվող կադրային քաղաքականության կատարելագործմամբ»:

«ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի արձագանքը անհամարժեք է այն պատճառով, որ նա [Արմեն Սարգսյանը] կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար էր նշանակվել ամենեւին ոչ իր կուսակցական պատկանելության համար, քանզի հայտնի է, որ ԼՂՀ կառավարությունը կուսակցական սկզբունքով չի ձեւավորված», - շարունակեց Գրիգորյանը: - «Այսպիսով կարելի է ենթադրել, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոնիտերի հայտարարությունը իրենից ներկայացնում է քաղաքական ակտ, որի նպատակը միանշանակ չէ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում սպասվող խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG