Մատչելիության հղումներ

Heritage Foundation-ի դասակարգմամբ՝ Հայաստանը տնտեսության առումով «հիմնականում ազատ» երկիր է


Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի՝ վերջերս հրապարակված ամենամյա զեկույցում նշվում է, որ Հայաստանը 2004-ին «հավատարիմ մնաց դեպի ժողովրդավարական հասարակություն եւ ազատ շուկայական տնտեսություն աստիճանական անցման սկզբունքին»:

Նշվում է միաժամանակ, որ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական անկայունության եւ ընդդիմության կողմից վստահության հանրաքվե անցկացնելու ջանքերի հետեւանքով դառնալով խոցելի՝ ընդդիմախոսների նկատմամբ ավտորիտար քայլեր ձեռնարկելու «ավելի մեծ պատրաստակամություն ցուցաբերեց»:

Զեկույցում ընդգծվում է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը առաջիկայում ջանքեր կգործադրի հարեւան Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիաի հետ քաղաքական ու տնտեսակաան հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Տնտեսական ազատության առումով երկրները, ըստ Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի զեկույցի, դասակարգված են 4 խմբերի՝ ազատ, հիմնականում ազատ, հիմնականում անազատ եւ ամբողջապես անազատ: Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն է, որ ընդգրկվել է «հիմնականում ազատ» կատեգորիայում՝ այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են, օրինակ, Իտալիան, Գերմանիան, Բելգիան:

Անցած տարվա նույն զեկույցում Հայաստանը նույնպես դասվել էր «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների թվին: Անցյալ տարի 155 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել էր 44-րդ տեղը: Այս տարվա զեկույցում (2004-ի արդյունքներով) Հայաստանը 42-րդն է 162 երկրների շարքում:

Օտարերկրյա վերլուծաբանները դիտարկման առարկա են դարձնում օրենսդրական դաշտը, որը Հայաստանում իրոք նպաստում է ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Միեւնույն ժամանակ շեշտվում է, որ օրենքը միշտ չէ, որ հավասարաչափ է գործում կոռումպացված բյուրոկրատիայի պայմաններում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG