Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Օրերս «Ազգ» թերթի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն, երեւանցիների մոտ 48 տոկոսը մեր պետության թիվ 1 խնդիրը համարում է աշխատատեղերի բացակայությունը: Հարցվածների հաջորդ մեծ խմբերը՝ համապատասխանաբար մոտ 19 տոկոս եւ 17 տոկոս, ակնկալում են, որ պետությունը գալիք տարում նախ պետք է մտահոգվի թոշակների ու աշխատավարձերի բարձրացմամբ: Ուշագրավ է, որ գալիք տարվա մաղթանքների ու ցանկությունների շարքում հարցվածների միայն մեկ տոկոսն է հիշել Ղարաբաղի խնդրի լուծման մասին:

«Ուժերի գերլարման տարի» վերնագրով խմբագրականում «Ազգ» թերթում ընդգծված է. - «Միջազգային եւ տարածաշրջանային փոփոխություններն ու վերադասավորումները գրեթե բոլոր երկրներին պարտադրում են առավել շրջահայացություն եւ առավել ճշգրիտ հաշվարկներ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզներում: Հայաստան պետությունը նույնպես ստիպված է, առավել քան ուրիշները, գերլարված աշխատելու, ներսում ժողովրդի բարեկեցությունը, դրսում՝ ազգային շահերն ապահովելու... Քանզի առաջիկա նոր տարին խոստանում է հանգուցալուծումների տարի լինել: Կամ առնվազն՝ հանգուցալուծումների սկիզբ դառնալ: Բոլոր նշանները կան ենթադրելու, որ ղարաբաղյան հիմնահարցն առաջիկա տարի այլեւս չի կարող «քնեցրած» վիճակում մնալ»: «Տարածաշրջանային փոփոխությունները պարտադրելու են հիմնահարցի կարգավորման արագացված տեմպեր», - նշվում է «Ազգ»-ում: - «Ոչ ոք այլեւս չի հանդուրժելու փակված սահմաններ ու քաղաքաստրատեգիական խոչընդոտներ: Նպատակահարմարությունն է դառնալու գերիշխողը՝ հետին պլան մղելով արդարության եւ իրավունքի նման «մանր» հարցերը: Հետեւաբար մեծ է լինելու իրավազրկվելու վտանգը եւ փոքր՝ տարբերակներից մեզ համար լավագույնն ընտրելու պատեհությունը»:

«Հայոց աշխարհ» թերթը տարվա իր վերջին համարում ամփոփում չի ներկայացնում՝ խտացնելով. - «Ի վերջո, ցանկացած ամփոփում հարաբերական է: Ոմանց համար անցած տարվա ամենագլխավոր իրադարձությունը երջանիկ ամուսնությունն էր, երեխայի ծնունդը, գրքի, նկարի կամ դիսերտացիայի վրա աշխատանքի ավարտը: Իսկ մեկ ուրիշը հաճույքով հիշում է, թե ինչպես կարողացավ տապալել պետին, փոխել մեքենան ավելի թանկարժեքով, այցելել եւս մի քանի երկիր... Գալիք տարի մենք կջանանք լինել ավելի խելացի, վառ, սրամիտ, մի խոսքով, կձգտենք հնարավորինս նմանվել հայոց աշխարհի այն «միջին» քաղաքացուն, որի համար էլ աշխատում ենք», - ձեւակերպում է «Հայոց աշխարհ»-ը:

«168 ժամ» շաբաթաթերթն այսօր կրկին անդրադառնալով մեր երկրի «միջինից բարձր» անձանց մակարդակին, նշում է. - «Հայաստանի կառավարության կազմի կենսագրությունները ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե մեր երկրում չկան համապատասխան ոլորտների պատրաստված մասնագետներ, քանի որ նրանցից շատերի ստացած կրթությունը չի համապատասխանում իրենց ստանձնած պաշտոնին եւ ղեկավարած ոլորտին... Հաճախ նույն անձը 2-3 տարին մեկ այլ ոլորտ է տեղափոխվում նախարարելու, այսինքն՝ իրեն անծանոթ-անհայտ մի ոլորտի մասին գիտելիքներ ձեռք բերելու, սեփական բիզնեսի նոր գիծ բացելու: Տպավորություն կա, թե այս երկրում նորմալ մասնագետներ չկան՝ այդ երկու-երեք տասնյակ մարդկանցից բացի»: Այսքանով հանդերձ՝ «168 ժամ»-ը գալիք տարի մաղթում է բոլորին տնտեսկան կոնկրետ աճ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG