Մատչելիության հղումներ

Բաշխվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքից ստացված գումարը


Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքից ստացված 132 միլիոն դոլարից 32 միլիոնը տրամադրվել էր Քաջարանի համայնքի բյուջեին եւ որոշվել է այդ գումարներով մարել մինչեւ էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցումը սպառած հոսանքի դիմաց բնակչության կուտակած պարտքի մի մասը։

Կոմբինատի վաճառքից ստացված մնացած 100 միլիոնը բաշխվել է հետեւյալ կերպ. մոտ 75 միլիոն դոլարը փոխանցվել է Կենտրոնական բանկում բացված մասնավորեցումից ստացված միջոցների կուտակման հատուկ հաշվին, իսկ 25 միլիոն դոլարը՝ 2005 թվականի պետական բյուջե։ Հենց այդ գումարների հաշվին էլ հաջորդ տարի մոտ 35 տոկոսով կաճեն պաշտպանության բնագավառի հատկացումները՝ հասնելով 127 միլիոն դոլարի։

Կառավարությունում երեքշաբթի օրը կայացած խորհրդակցության ընթացքում, որ վարում էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացումը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, հայտարարվեց, թե հանրապետության ղեկավարության առաջարկով Քաջարանի քաղաքապետարանի ավագանին որոշել է նվիրատվության կարգով 27 միլիոն դոլար հատկացնել՝ մինչեւ ցանցերի մասնավորեցումը՝ 2002 թվականի հոկտեմբերի 1-ը, ողջ հանրապետության բնակչության՝ հոսանքի դիմաց կուտակած պարտքի մի մասը մարելու նպատակով։

Խորհրդակցությանը մասնակցող էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հուրախություն պարտապան բաժանորդների հայտարարեց. - «Այս որոշումից հետո բաշխիչ ցանցերը մինչեւ հոկտեմբերի 1-ի [2002 թվականի] դրությամբ պարտքերի հավաքագրման գործընթաց չեն իրականացնի»:

Խորհրդակցության ընթացքում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը ասաց, թե քաղաքի ավագանին մեծ ոգեւորությամբ է ընդունել հանրապետության ղեկավարության առաջարկը:

Մինչեւ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցումը, բնակչությունը սպառած հոսանքի դիմաց մոտ 21,5 միլիարդ դրամի պարտք էր կուտակել, որը ոչ թե փոխանցվեց նոր սեփականտիրոջը, այլ վերստին մնաց պետության վրա, ավելի ստույգ՝ այն գանձելու գործառույթը հանձնվեց «Հայգազ» պետական ընկերությանը, որը բաշխիչ ցանցի հետ կնքված պայմանագրով վերջինին լիազորեց ամեն գնով գանձել այդ ահռելի պարտքը։ Սակայն, արդեն մասնավորի ձեռքն անցած բաշխիչ ցանցերը, ոչ մի շահագրգռվածություն չունեին եւ, ըստ երեւույթին, այժմ էլ չունեն նախկին սեփականատիրոջ պարտքը գանձել մեծ մասամբ անվճարունակ բաժնորդներից, առավել եւս՝ ի հաշիվ սեփական բիզնեսի։ Բոլորովին վերջերս ցանցերի գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկը հայտարարել էր, թե հաջողվել է գանձել մոտ 40 միլիոն դոլարի հասնող այդ նախկին պարտքի չնչին մասը միայն:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG