Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ երկաթուղային հաղորդակցության վերկանգնման հարցը


Երեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի շրջանակներում ստորագրվել է համաձայնագիր, որը մեծապես նպաստելու է կոչված երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Համաձայնագիրը, որ ստորագրել են Ռուսաստան – Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ներառում է նաեւ էներգետիկ եւ տրանսպորտային բնագավառներում համագործակցությանը վերաբերող կետեր:

Մասնավորապես, Իգոր Լեւիտինը այսօր հայտարարել է, որ գալիք տարվա հունվար-փետրվարին արդեն կսկսի գործել Կավկազ - Փոթի լաստանավային ուղին: Ռուսաստանցի նախարարը ասել է նաեւ, թե մինչեւ գալիք տարեվերջ «կարելի կլինի խոսել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության մասին»:

Հայաստանի եւ Ռուսաստանի երկաթուղային կապի հիմնական խոչընդոտը երկաթգծի աբխազական հատվածի հարցն է: Ենթադրվում է, որ Վրաստանը «որոշ հույսեր է տվել» այս հարցում, քանի որ մինչ այժմ, երբ բարձրացվում էր աբխազական երկաթուղու հարցը, ե’ւ հայկական, ե’ւ ռուսական կողմերը նշում էին, թե սպասում են Վրաստանի պատասխանին:

Այսօրվա նիստում խոսվել է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Ռուսաստանում ժամանակավոր բնակության արտոնյալ պայմաններ տրամադրելու մասին: Այն է՝ որ Հայաստանի քաղաքացիները կարողանան մինչեւ երեք ամիս Ռուսաստանում գտնվել առանց ժամանակավոր գրանցման:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG