Մատչելիության հղումներ

Երեւանում մթնոլորտային աղտոտվածության ատիճանը 5-6 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը


2004 թվականի ամփոփիչ ասուլիսում պատասխանելով մայրաքաղաքի էկոլոգիական վիճակին վերաբերող հարցին, Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Երեւանում մթնոլորտի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:

«Երեւանի մթնոլորտը աղտոտված է իր թույլատրելի սահմանաքանակից 5-6 անգամ», - ասաց նախարարը: - «Եվ այդ աղտոտման հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է Երեւան քաղաքում ավտոտրանսպորտի արտանետումների քանակը»:

Նախարարի փոխանցմամբ, կառավարության որոշմամբ 2005 թվականից արգելվելու է չեզոքացուցիչներ չունեցող ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: «Վերահսկման մեխանիզմները ավտոմեքենաների հետ կապված՝ սկզբնական ստուգումներ ենք անցկացնում», - հուսադրեց նախարարը:

Երեւանի բնապահպանական սուր խնդիրներից է նաեւ կանաչ տարածքների աղետալի նվազումը: Այս կապակցությամբ Վարդան Այվազյանը ասաց. - «Ցավոք սրտի, տվյալ ամբողջ դաշտը քաղաքապետարանի իրավասության տակ է»:

Հայաստանի բնակչության մեկ երրորդի բնակավայրը հանդիսացող Երեւանում բնապահպանության նախարարության համար շատ դժվար կլինի վերահսկել էկոլոգիական վիճակը, քանի որ կանաչ տարածքները վերահսկում է քաղաքապետարանը, իսկ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնում է Ոստիկանական ծառայության կազմի մեջ մտնող պետավտոտեսչությունը:

Ասուլիսում նախարարը տեղեկացրեց նաեւ, որ բնապահպանության նախարարությունը ավարտվող տարվա ընթացքում երկրում հայտնաբերել է անօրինական կերպով շահագործվող 30 հանքավայր: Հարցին, թե կարողանում է նախարարը հակազդել հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչության տակ գործող այդ հանքավայրերի տերերին, Վարդան Այվազյանը պատասխանեց. - «Իմ դուխն էլ հերիք ա անում: Էդ 30-նն էլ դատախազությունում է գործերը»:

Բնապահպանության նախարարությունը գոհ է, մասնավորապես, փաստից, որ այս Ամանորին Հայաստանում եղեւնիներ չեն հատվելու, ինչպես նաեւ՝ Սեւանում ձկան որսի արգելքի կիրառումից:

«2004 թվականին լրջագույն ձեռքբերում եմ ես համարում Սեւանա լճից արդյունագործական որսի ընթացքում պահպանման ռեժիմի պահպանությունը», - բառացիորեն ասաց Վարդան Այվազյանը՝ փաստարկելով. - «Որովհետեւ ամբողջ այս ամսվա ընթացքում ներկայացված է, որ Երեւան քաղաքում մենք ընդամենը բռնագրավել ենք 60 ձուկ»:

Այստեղ է հարկ է հավելել, որ վերջերս ավարտվել է բյուջեով նախատեսված մի ուսումնասիրություն Սեւանի ձկնային պաշարների վերաբերյալ: Առաջին արդյունքները ամենեւին էլ հուսադրող չեն. 90-ականների ընթացքում Սեւանում միայն սիգ ձկան պաշարները նվազել են երեք անգամ:

Փոխարենը հուսադրող են Սեւանի մակարդակի ցուցանիշները. նախորդ տարվա համեմատությամբ, 2004-ին ջրի մակարդակը բարձրացել է 41 սանտիմետրով: 2002 թվականից ի վեր լճի մակարդակը բարձրացել է 1 մետր 30 սանտիմետրով:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG