Մատչելիության հղումներ

«Հայաստան 2020» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց երկրի զարգացման հնարավոր սցենարները


Հինգշաբթի օրը «Հայաստան 2020» ծրագրի ղեկավար Արտաշես Ղազախեցյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի զարգացման ուղղությունների՝ իրենց կազմակերպության մշակած սցենարները եւ դրանց հիմքում ընկած հասարակական հարցման արդյունքները:

Թեեւ ծրագիրը սկիզբ էառել որպես ինտելեկտուալ խաղ, երբ տարբեր բնագավառների մասնագետներ մոդելներ էին մշակում՝ Հայաստանի հետագա զարգացման ուղղությունների իրենց պատկերացումների հիման վրա, «Հայաստան 2020»-- ղեկավարները լուրջ մոտեցում են ակնկալում իրենց աշխատանքի նկատմամբ՝ իրենց ծրագրերը ներկայացնելով կառավարությանը՝ որպես քաղաքականություն մշակելու հիմք:

Արտաշես Ղազախեցյանի ներկայացրած սցենարներից մեկը, օրինակ, կոչվում է «Ստատուս քվոյի սցենար»: Ըստ այդմ՝ Հայաստանը զարգանում է այնպես, ինչպես զարգանում է հիմա:

«Բայց հաշվի առնելով, որ մեր տնտեսական հիմքը այսօր շատ ցածր է, եւ մենք բավականին մեծ աճ կարող ենք ցուցադրել մոտակա 2-3 տարիների ընթացքում միայն, իսկ դրանից հետո, եթե չանենք կտրուկ փոփոխություններ մեր տնտեսության կառուցվածքի մեջ, կունենանք լուրջ անկում», - այդ սցենարը մանրամասնեց Ղազախեցյանը:

Մյուս սցենարը անվանվել է «Գոյատեւումից՝ բարգավաճում»: Ղազախեցյանի խոսքերով, այն մոտ է Սինգապուրի մոդելին, որտեղ հիմնական շեշտադրումը դրվել է բարձր տեխնոլոգիաների վրա, լուրջ ներդրումներ են արվել գիտության եւ կրթության բնագավառում:

Հայաստանի կառավարությունը, իհարկե, ունի իր ռազմավարական ծրագրերը, որտեղ արձանագրված են որոշակի գերակայություններ, ուղենշված են որոշակի քայլեր, ամրագրված են կոնկրետ նպատակներ: Այդպիսին կարող է համարվել, օրինակ, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը նախատեսում է մինչեւ 2015 թվականը որոշակի մակարդակով կրճատել աղքատության ցուցանիշը:

«Հայաստան 2020» ծրագրի հետազոտական խմբի անդամների կարծիքով, այդ ծրագրում ամրագրված են նպատակները, բայց հստակ չեն դրանց իրագործման ճանապարհները: Իսկ իրենց ներկայացրած, օրինակ, «Գոյատեւումից՝ բարգավաճում» ծրագիրը նախատեսում է որոշակի քայլեր, որոնք իրականացնելու դեպքում 2020 թվականին Հայաստանում ապրող 3 միլիոն 300 հազար մարդկանց միջին աշխատավարձը կկազմի 460 դոլար (այսօրվա 60 դոլարի փոխարեն), ձեւավորված կլինի միջին խավ:

«Վերադարձ տուն» կոչվող սցենարը ուրվագծում է Հայաստանի ապագան Եվրամիության հետ, իսկ «Հաշվարկով ամուսնություն» կոչվող սցենարը Հայաստանը մեկընդմիշտ կապում է Ռուսասատանի հետ:

Առավել ուշագրավ են սցենարների հիմքում ընկած հարցումների արդյունքները, որոնք ընդգրկել են 500 սփյուռքահայ եւ 1000 հայաստանցի:

Կարծիքները դասակարգվել են 5 խմբերում: Ամենամեծը «վստահելի գործընկերներ» խումբն է. սրանք այն մարդիկ են, ում չի բավարարում ներկա վիճակը, ովքեր մշտապես ձգտում են ավելի լավ կյանքի եւ պատրաստ են փոփոխություների: Երկրորդ խումբը (23 տոկոս) «աշխատասեր ստատիսներ»-ն են. նրանք գիտակցում են ներկան, եւ պատրաստ են աջակցել պետությանը, բայց լավատես չեն Հայաստանի ապագայի առումով: «Անհոգ երջանիկների» խումբը (23 տոկոս) գոհ է իր կյանքից՝ չնայած գիտակցում է, որ այն լավագույնը չէ: Այս մարդիկ հպարտ են, որ հայ են եւ, ի տարբերություն մյուս խմբերի, չունեն տարբեր պրոբլեմների նկատմամբ ձեւավորված տեսակետեր: 16 տոկոսը «կոռուպցիա դեմ պայքարող մարտիկներն» են, ովքեր բոլոր չարիքները հիմքը համարում են կոռուպցիան եւ կարծում են, որ այն հաղթահարելու դեպքում մասնավոր ոլորտը մեր երկրում մեծ հաջողությունների կհասնի: Վերջին խումբը (11 տոկոս) հարցվածներից «հուսալքված կապիտալիստներն» են, ովքեր Հայաստանի ապագահի նկատմամբ նվազագույն լավատեսություն անգամ չունեն: Նրանք հիմնավորապես կտրել են հույսը եւ չեն տեսում Հայաստանում կուտակված հիմնախնդիրների լուծման որեւէ ուղի:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG