Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը ուշադրություն է սեւեռում Ռուսաստանի Պետդումային խոսնակ Գռիզլովի երեւանյան մի քանի հայտարարությունների: Մասնավորապես, վերջինս Հայաստանը անվանեց ««Ռուսաստանի ֆորպոստ՝ Հարավային Կովկասում». - «Ֆորպոստի թարգմանությունը պահակակետն է: Այս հայտարարությունը թերեւս ընդունելի կլիներ, եթե Հայաստանի նախագահն էլ հնարավորություն ունենար հայտարարելու, որ Ռուսաստանն էլ իր հերթին Հայաստանի ֆորպոստն է Հյուսիսում»: Գռիզլովի մատուցմանն էլ, թե Ռուսաստանը Ուկրաինայում ոչ ոքի պաշտոնապես չի պաշտպանում, եւ այնտեղ պարզապես ռուսաստանյան պոլիտտեխնոլոգներ են աշխատել, «Հայկական ժամանակ»-ի հակադարձում է. - «Ստացվում է, որ Պուտինն ու Լուժկովը պոլիտտեխնոլոգներ են, որոնք աշխատանքից ազատ ժամանակ այլ երկրներում «գրդոն» են անում»:

«Ստեփանակերտում հիասթափված են Վարդան Օսկանյանի վերջին մի քանի հայտարարություններից մասնավորապես եւ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությունից ընդհանրապես», - փոխանցում է «Ազգ» թերթը: - «Վերջին մի քանի ամիսներին ՀՀ արտգործնախարարությունը մի շարք առիթներով Բաքվին սպառնացել է, որ դուրս կգա բանակցային գործընթացից, եւ Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել Ղարաբաղի հետ»: Սրա հետ կապված «Ազգ»-ը մեջբերում է ստեփանակերտյան վերլուծաբաններից մեկի ձեւակերխպումը. - «Նման մեքենայություններում սպանվում է ղարաբաղյան գործոնը: Հայաստանի այս կարգի սպառնալիքները վնասում են ղարաբաղյան ինքնուրույն գործոնը, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս Ղարաբաղի կախվածությունը ՀՀ իշխանություններից»:

«Ավանդների վերադարձման մասին հարցը կքննարկվի մինչեւ Նոր տարի. Հմայակ-շոուն կայանալու է», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Երեկ ԱԺ-ում որեւէ մեկը չէր էլ մտածում, որ Հմայակ Հովհաննիսյանին սիրուն աչքերի համար է հաջողվել հավաքել բավարար քանակով ստորագրություններ: Բոլորն էլ վստահ էին, որ պատգամավորի թիկունքին բավականին ազդեցիկ ուժ կա: Բոլորը գիտեին, թե նա ով է... Կարծիքներ էին հնչում, որ կատարվածն ուղղված է նախ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դեմ՝ վերջինիս հասկացնելու համար, որ ինքն ամենեւին էլ մեծամասնություն չունի խորհրդարանում: Երկրորդ՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմ, որպեսզի վերջինիս էլ ցույց տրվի, որ իրեն կարելի է հարվածել իր իսկ խաղաքարով: Իսկ Դաշնակցությանը այս քայլով ասվեց, որ իրական ուժն ուրիշ տեղում պետք է գտնել», - պատկերում է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ» թերթում էլ ընդգծված է. - «Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն ավանդների հետագա ճակատագրի համատեքստում, այլեւ՝ քաղաքական իմաստով: 66 ստորագրություն ԱԺ-ում հավաքվել է ի հեճուկս ՀՀԿ-ի եւ մասնավորապես վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ինչն իր հերթին նշանակում է, որ գործող վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չունի, կամ՝ առնվազն այդ մեծամասնությունը չափազանց խախուտ է»: Այստեղ բեված է նաեւ Դաշնակության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հետեւյալ արձագանքը. - «Եթե կոալիցիայի անդամ ՀՀԿ-ն, որը ներկայացնում է վարչապետին, ավանդների վերադարձի հարցում ունի հստակ եւ անփոփոխ դիրքորոշում, կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները, ընդհանուր խաղի կանոնների շրջանակում, պարտավոր են հարգել այդ դիրքորոշումը եւ չհասցնել այնպիսի իրավիճակների, որ կոալիցիայի կոնֆլիկտը հանգեցնի այլ, անցանկալի զարգացումների»: Անդրադառնալով տեսակետին, թե այս նախաձեռնությունը քաղաքական պատվեր է՝ վարչապետին թուլացնելու համար՝ Դաշնակցության ներկայացուցիչն ասում է. - «Չեմ կարծում. ես ավելի շուտ հակված եմ մտածելու, որ խորհրդարանը, որպես քաղաքական կառույց, այսօր այնքան է թուլացած, որ չի կարողանում լուրջ եւ համախմբված կերպով արձագանքել որեւէ անսպասելի քայլի: Այս երեւույթը շատ ավելի մտահոգիչ է, քան եթե Հովհաննիսյանի նախաձեռնությունը լիներ քաղաքական պատվեր»:

«Չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանը մի քանի այլ երկրների օրինակով բացահայտել հատուկ ծառայությունների նախկին գործակալներին», - «Հայոց աշխարհ» թերթի այս հարցին ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը պատասխանել է. - «Միայն անվտանգության մարմինների աշխատանքների մասին տարրական պատկերացում իսկ չունեցող մարդիկ կարող են բարձրացնել նման հարց: Դա միանշանակ անընդունելի է, քանզի իրեն հարգող որեւէ պետություն թույլ չի տա նման բացահայտումներ կատարել: Հավատացնում եմ՝ գործակալի կերպարը մեր հասարակությունում աղավաղված է. նրանք հայրենասեր, պարտքի գետակցումով, անձնվեր մարդիկ են»: «Ցանկացած կառույց, այդ թվում եւ անվտանգության մարմինները, պետք է հարգի իր անցած ճանապարհը՝ պատմությունը, եւ պահպանի ավանդույթները: ԽՍՀՄ հատուկ ծառայություններն անցել են փառահեղ ուղի եւ համարվել աշխարհի լավագույն կառույցներից մեկը: Դրական աշխատանքային փորձը, արդյունավետ ուսուցման ձեւերը, մեթոդները փոխանցվել են նաեւ մեր աշխատակիցներին», - գնահատում է Գորիկ Հակոբյանը: - «Ինչո՞ւ անվտանգության մարմինները չկանխեցին «Հոկտեմբերի 27»-ը» հարցին պատասխանելիս էլ ծառայության տնօրենը մասնավորապես շեշտադրում է. - «Եթե չլիներ նախագահի երկաթյա կամքը, պարզ չէ, թե ինչով կավարտվեր այդ ամենը: Հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրենց գործն էին կատարում կարծես թշնամու թիկունքում»: «Անվտանգության եւ մյուս օրինապահ մարմինները չէին կարող կանխել հիմնականում արյունակցական կապի հիման վրա ստեղծված խմբի գործունեությունն այն պարզ պատճառով, որ չէր ստացվել օպերատիվ տեղեկատվություն կատարվելիք ահաբեկչական ակտի մասին», - պարզաբանում է Գորիկ Հակոբյանը՝ եզրափակելով. - «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սերունդների առջեւ մեր խիղճը մաքուր է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG