Մատչելիության հղումներ

Եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Պետդումայի նախագահը


Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ղերավարության հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպումներում առանցքային էին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայաստանյան ձեռնարկություններին առնչվող խնդիրները եւ երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման հարցերը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ռուսաստանյան իր գործընկերոջ հետ առանձնազրուցում կարեւորելով այդ խնդիրը, նշել է, որ «մարդիկ սպասում են աշխատատեղերի ստեղծմանն ու ներդրումներին` ինչպես նախատեսված էր համաձայնագրով»:

Ռուսաստանի փոխանցված ձեռնարկություններին անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ՝ Բորիս Գռիզլովի գլխավորած պատվիրակության հանդիպումների ընթացքում:

«Կողմերը մասնավորապես ընդգծել են «Մարս» գործարանի արդիականացման եւ լիարժեք գործարկման ուղղությամբ ակտիվ աշխատելու անհրաժեշտությունը», - նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Բորիս Գռիզլովի հանդիպումից փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը: - «Բորիս Գրիզլովը վստահեցրել է, որ «Մարս» գործարանի խնդիրը ռուսական կողմը առաջնահերթ է համարում եւ արդեն իսկ քննարկվում է այդտեղ պատվերներ տեղադրելու հարցը»:

Այսօրվա հանդիպումների ավարտին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը համատեղ ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում տեղեկացրին, որ քննարկել են բազմաբնույթ հարցեր՝ այդ թվում տրանսպորտային ուղիներին վերաբերող: Երկու երկրների միջեւ «անբավարար ապրանքաշրջանառությունը» Գռիզլովը պայմանավորեց հենց տրանսպորտային ուղիների ներկայիս վիճակով:

«Ուստի մեր այսօրվա բանակցություններում մեծ տեղ ենք հատկացրել երկաթուղային «կամրջի», լաստանավային կապի ստեղծմանը», - ասուլիսում ասաց Բորիս Գրիզլովը:

Հարցին, թե երբ կվերաբացվի աբխազական երկաթուղին Ռուսաստանի Պետդումայի խոսնակը պատասխանեց. - «Երկաթուղային հաղորդակցության շուտափույթ վերականգնմամբ շահագրգռված են ե’ւ Հայաստանի, ե’ւ Ռուսաստանը: Ռուսաստանը շատ բան է արել երկաթուղու գրեթե ամբողջությամբ փլուզված հատվածները վերականգնելու ուղղությամբ»:

Նրա խոսքերով, ներկայումս «առաջանցիկ տեմպերով աշխատանքներ են ընթանում «Կովկաս» լաստանավային համալիրի ստեղծան ուղղությամբ, որը կապահովի բեռների տեղափոխումը Ռուսաստանից մինչեւ Փոթիի նավահանգիստ: Գրիզլովը փոխանցեց, թե այդ հարցը այսօր գրեթե լուծված է. համաձայնագիրը կստորագրվի հունվարի սկզբին, իսկ հունվարի վերջին արդեն կիրականացվեն առաջին փորձնական բեռնափոխադրումները:

«Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված ձեռնակությունների՝ մինչեւ այժմ չաշխատելու պատճառների մասին հարցին ի պատասխան Գռիզլովը ասաց, թե դա ռուսական կողմին նույնպես մտահոգում է:

Անդրադառնալով նույն հարցին, Արթուր Բաղդասարյանը ասաց, որ դա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նշանակություն ունի, քանի որ մարդիկ սպասում են այդ ձեռնակությունների շահագործման հանձնվելուն: Բաղդասարյանը գոհունակությամբ տեղեկացրեց, որ Բորիս Գռիզլովը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ ձեռնարկությունները ամենամոտ ապագայում սկսեն աշխատել ամբողջ հզորությամբ՝ ապահովելով աշխատատեղեր եւ ներդրումներ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG