Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Թաքնված լարվածություն՝ տարեվերջյան ալարկոտության պայմաններում», - այսպես է «Իրավունք» թերթի մեկնաբանը բնորոշում Հայաստանի ներքաղաքական դաշտի առօրյան: Հակասությունների սրում եւ իրադարձությունների արագացում կանխատեսվում է արդեն միայն փետրվարին: Իսկ վերջին անցուդարձից առանձնացվում է ԵԿՄ-ի համագումարը: Մասնավորապես ուշադրություն է հրավիրվում, որ համագումարում ընդունվեց կոշտ հայտարարություն ղարաբաղյան հիմնախնդրի եւ հողային զիջումների վերաբերյալ, ինչը այս պահին արտաքին քաղաքական առումով անհրաժեշտ էր մեր դիվանագիտական կորպուսին, եւ այժմ աշխարհին հնարավոր է ներկայացնել, որ բարձրաստիճան զինվորականությունն ու կամավորական շարժման վետերանները վճռական են տրամադրված ու կտրականապես դեմ են թեկուզ ամենաչնչին հողային զիջումների»: Չնայան հերթական խոսակցություններին, «Երկրապահ» կամավորականների միությունը հերթական անգամ չպառակտվեց: Այս առումով «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ի մի է բերում. - «Անհասկանալի է մնում, թե ինչու են վարչության հինգ անդամներ բոյկոտել համագումարը: Նրանցից միայն Ալբերտ Բազեյանը հրապարակային բացատրություններ տվեց, որոնք մյուս բոյկոտողների համար ընդունելի չէր կարող լինել թեկուզ այն պատճառով, որ նրանց մի մասը նույնպես ակտիվ մասնակցություն էր ունեցել ընտրակեղծիքների իրականացմանը: Իսկ ընտրակեղծիքների դեմ պայքարած բազմաթիվ այլ ԵԿՄ անդամներ ներկա էին համագումարին»:

«Հայաստանը վերջին տարիներին ավտորիտար համակարգից անցել է հանցավոր խմբերի պայմանագրային համակարգի», - «Առավոտ» թերթի հարցազրույցում որակում է Աշոտ Մանուչարյանը: - «Այսինքն՝ Հայաստանում գործող հանցավոր խմբերը պայմանավորվում են իշխանության զավթման, պահպանման, նյութական բարիքների յուրացման, մարդկանց շահագործման մասին»: Վազգեն Մանուկյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ իրենց համաձայնագիրը արտաքին քաղաքականության խորհուրդ ստեղծելու վերաբերյալ, Աշոտ Մանուչարյանը համարում է առաջին փորձը ծավալուն քաղաքացիական համակարգ ձեւավորելու, ինչը արդյունավետ գործունեության դեպքում կյանքի կկոչի նաեւ այլ համակարգեր: «Մենք սահմանափակելու ենք հանցագործ խմբի գործունեությունը այդ կարեւորագույն բնագավառում», - ասում է նա: - «Իրաք զորք գործուղելու որոշումը մի գործարք է, որով հայաստանյան հանցախմբի երկու պարագլուխները փորձում են կարգավորել իրենց հաշիվները ԱՄՆ իշխանությունների հետ: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այս գործարքում որեւէ դրական բան չկա: Եթե պետք են բարի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ դա հարյուրավոր այլ ձեւերով կարող էինք իրականացնել»:

«Հայաստանում արձանագրվող նախատոնական առեւտրի վաղ մեկնարկի հիմնական մեղավորն ու շարժառիթը դոլարի կտրուկ արժեզրկումն էր, դրա հետեւանքով բնակչության շրջանում ծագած խուճապային տրամադրությունները», - անդրադառնում է «Հայոց աշխարհ» թերթը։ - «Շարունակական արժեզրկման պայմաններում շատերը շտապում են իրենց խնայած դոլարները օր առաջ փոխանակել եւ գնումներ կատարել՝ «կանաչի» հետագա անկումից ավելի շատ չկորցնելու ակնկալիքով»։ Ներկայումս շուկայում տիրող իրավիճակը բնութագրվում է «հակասական ու զգալիորեն անորոշ»: Միակ հստակ միտումը գների աճն է:

«Ամբողջ աշխարհում վառելիքի գներն իջնում են, Հայաստանում՝ ոչ», - մատնանշում է «Ազգ» թերթը: - «Սովորաբար, վառելիք ներկրող ընկերությունները արդարանում են, որ մեծ քանակությամբ «սեւ ոսկի» են ներկրել ամենաթանկ գներով եւ իրացնելուց հետո է միայն հնարավոր գների իջեցում: Նման բացատրությունն անընդունելի է ազատ շուկայի համար: Հայտնի է, որ Հայաստանի վառելիքի շուկան բոլորովին էլ ազատ չէ եւ միայն «ընտրյալները» կարող են ներգրավվել գերշահույթ ապահովող այդ ոլորտում»: «Առավոտ» թերթն էլ այսօր խմբագրականում ուրվագծել է. - «Երբ Հայաստանում աճում են, ասենք, բենզինի գները, ապա դրա համար հորինվում են շատ բարձր եւ գեղեցիկ պաշտոնական պատճառաբանություններ. իբր՝ մենք էլ ենք գլոբալ պրոցեսների մասնակիցներից մեկը, եւ Հոնգկոնգում ամեն մի փռշտոցն անդրադառնում է մեր տնտեսության վրա: Իրականում շրջափակման մեջ գտնվող երկու կամ թեկուզ երեք միլիոնանոց երկրի համար այդ «բարձր» պատճառաբանությունները որեւէ նշանակություն չունեն: Բենզինի գինը Հայաստանում բարձրանում է միայն մեկ պատճառով. մեր բարձրագույն իշխանավորները թույլ են տալիս իրենց ձեռքի տակ աշխատող բենզինային օլիգարխներին գերեկամուտներ ստանալ: Եվ, համապատասխանաբար, բենզինի գներն իջնում են այն պատճառով, որ նույն իշխանավորները ժամանակավորապես արգելում են օլիգարխներին՝ քերել ժողովրդի կաշին: Նույնը դոլարի փոխարժեքն է: Կենտրոնական բանկի խորհրդի անդամների հետ նախագահի հանդիպումից հետո բոլոր ամպագոռգոռ բացատրությունները ի չիք դարձան: Բարձրագույն իշխանությունն արգելեց իր ձեռքի տակ աշխատող, տվյալ դեպքում՝ առեւտրական բանկերին զբաղվել սպեկուլյացիայով եւ գերշահույթներ ստանալ: Երբ խոսվում է շուկան կարգավորելու մասին, ամենեւին էլ բրոքերներին զենքի ուժով ստիպելու կամ որեւէ արտառոց միջամտության մասին չի ակնկալվում, այլ ընդամենը պարտականությունների կատարման», - ընդգծվում է «Առավոտ»-ում: «Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ էլ՝ Հայաստանի ֆինանսական շուկան չափազանց փոքր է, եւ մի քանի միլիոն կանխիկ դոլարով կարելի է այնպիսի «խաղեր տալ», որ փոխարժեքը մի քանի ժամվա ընթացքում 7-8% տատանում տա: «Ընդամենը 5 մլն դոլար պտտեցնելու դեպքում կարելի է 1-2 օրում աշխատել մինչեւ 300 հազար դոլար: Դրա համար պարզապես պետք է ունենալ երաշխիքներ: Օրինակ՝ ունենալ երաշխիք, որ Կենտրոնական բանկը չի միջամտելու դոլար-դրամ փոխարժեքին եւ ամենապատասխանատու պահին սպեկուլյանտների հաշվարկը ի չիք չի դարձնելու: Նման երաշխիք արդեն կա: Մնում է մի քիչ հաշվարկներ անել ու մտնել շուկա: Ինչն էլ երեւի արվում է պարբերաբար», - ակնարկում է «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG