Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկը պատժամիջոցներ է կիրառում օրինազանց փոխանակման կետերի նկատմամբ


Կենտրոնական բանկը երեքշաբթի օրը Երեւանի 29 տարադրամի փոխանակման կետերի նկատմամբ «պատասխանատվության միջոցներ է նշանակել»՝ ուժը կորցրած ճանաչելով դրանցից 22-ի լիցենզիաները:

Բանկը այսօր հրապարակել է անցած շաբաթ մայրաքաղաքի տարադրամի փոխանակման 41 կետերում իրականացրած ստուգումների արդյունքները՝ նշելով, որ արձանագրվել են «արժութային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներ»:

«Կենտրոնական բանկի խորհուրդը արժութային օրենսդրության կոպիտ խախտումների համար համապատասխան որոշումներով ուժը կորցրած է ճանաչել թվով 22 փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաները», -տեղեկացնում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունը:

Կենտրոնական բանկի նախագահի որոշումներով 5 փոխանակման կետերի կետերի արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաների գործողությունները կասեցվել են վեցամսյա ժամկետով: Եվս երկու փոխանակման կետերի նկատմամբ նշանակվել են տուգանքներ:

«Ստուգումները ցույց տվեցին, որ փոխանակման կետերը աշխատում են օրենսդրության խախտումներով՝ հատկապես այն պահերին, երբ շուկայում ձեւավորվում է աժիոտաժային իրավիճակ», - երեկ ասել էր Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: - «Անօրինականությունը պայմանավորված է նրանով, որ նրանք սպասարկում են ստվերային տնտեսությունը»:

Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG