Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 11-ի դեկտեմբերի)

Այսօր լրանում է «Տարեգիր» էլեկտրոնային թերթի երեք տարին, եւ այդ առիթով «Առավոտ»-ը տպագիր ներկայացնում է օրվա թողարկումը: Խմբագրականում «Տարեգիր»-ը ուրվագծել է. - «Վաղուց անցել են այն ժամանակները, երբ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողներն ու սատարողները պաշտպանում ու գովաբանում էին իրենց պաշտպանյալին ու սատարյալին: Այդուհանդերձ, Քոչարյանի նախկին սատարողները բուռն կերպով հարձակվում են Քոչարյանի հակառակորդների վրա... Հիմա, մասնավորապես, անմեկնելի մի մոլեռանդությամբ հարձակվել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, ինչ է թե՝ վերջինս սկսել է ճանփորդել եւ երբեմն նաեւ խոսել»: «Եթե առաջին նախագահը մեր գործող ընդդիմադիրների պես անկապ մարդկանց հետ շփվեր եւ անկապ ու անգաղափար բաներ խոսեր, դժվար թե սատարողների ու սատարյալների մեջ այսպիսի տագնապ ու կատաղություն առաջանար: Լավագույն դեպքում ազատ եւ պատասխանատու թերթերի էջերում ծաղրի կենթարկեին եւ՝ վերջ: Բայց այս դեպքում, լուրջ վտանգ զգալով, անկախ իրենցից, իրենք էլ են լրջանում», - շեշտադրում է «Տարեգիր»-ը:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր գրում է. - «Ես համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր գտնում են, թե հին, ասել է՝ ՀՀՇ-ական իշխանություններին անվերջ քննադատող հրապարակումները սպառել են իրենց: Համաձայն եմ նաեւ, որ ընկածին աքացի տալը մի առանձին խիզախություն չի պահանջում եւ կռվել կարելի է նրա հետ միայն, ով եւս ի վիճակի է պատասխան տալ: Եվ այնուամենայնիվ... Ակնհայտ է, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին Հայաստանում կատարվեց մի այնպիսի հանցագործություն, որի կրկնակը դժվար է գտնել», - նորից որակում է մեկնաբանը՝ ավելացնելով. - «Կարելի է, իհարկե, ժամանակ առ ժամանակ նրբորեն, իսկ գուցեեւ փոքր-ինչ իրատեսորեն-կոպիտ հիշեցնել, որ հանցանքին պիտի հետեւի պատիժը... Բայց ավելի շոշափելի արդյունքների հույս, կարծում եմ, ոչ մեկը ո'չ ունեցել է, ո'չ էլ մոտ ապագայում կունենա»: Քանզի, ըստ մեկնաբանի, այսպես կոչված արդարադատության ներկայացուցիչների համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ «քրեական աշխարհի նույնիսկ ամենակատաղի ներկայացուցիչների, քան նախկին ղեկավարության խորհրդանիշերից յուրաքանչյուրի հետ». - «Այդ ժամանակ իսկույն պաշտպանության կոմիտեներ են ստեղծվում, թերթերը հեղեղվում են քննիչների, մեղմ ասած, բթությունն «ապացուցող» նյութերով եւ, ընդհանրապես, այնպիսի աղմուկ է ստեղծվում, որից այդ մարդկանց մնում է միայն գլուխներն առնել ու փախչել»:

Անդրադառնալով նոր քաղաքական դաշինքների ներկայիս մտմտուքներին, «Առավոտ» թերթը ընդգծում է. - «Բոլորն էլ այնքան ծանոթ ու հին դեմքեր են, որ նոր վարիացիաներից էությունը չի փոխվում: Մեր քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերից ու առաջնորդներից ինչ-որ նոր բան ակնկալել թերեւս հնարավոր չէ: Նրանք բոլորն էլ կտրված են քաղաքական մեր իրականությունից ու մտածողությունից»: «Եթե սպասում ենք քիչ թե շատ հասուն, նոր քաղաքական ուժի ի հայտ գալուն, ապա մեր իրական հույսը կարող է կապված լինել բացառապես նոր սերնդի հետ: Նրանք ամենեւին ծանրաբեռնված չեն ծանր տոտալիտար անցյալի կամ էլ երջանիկ սոցիալիստական դրախտի հուշերով: Արդեն կարծրացած պատկերացումներով քաղաքական ուժերը, հատկապես` իշխանամետները, փորձում են վերարտադրվել ուսխորհուրդների, «բազեների», սկաուտների, երիտհանրապետականների եւ այլոց միջոցով: Սակայն», - շեշտում է «Առավոտ»-ը, - «խոսքն ամենեւին էլ այս կազմակերպություններում ներգրավված երիտասարդների մասին չէ, որոնք, փաստացի, համարյա չեն տարբերվում կոմերիտական ակտիվիստներից ու խորհրդային ժամանակների հասարակական գործերով զբաղվողներից: Խոսքը իրոք նոր որակի երիտասարդության մասին է»:

«Հայաստանյան ընդդիմությունը սպասում է ուկրաինական դեպքերի հանգուցալուծմանը, որից հետո փետրվար-մարտ ամիսներին իշխանափոխության նոր գործընթաց կսկսի Հայաստանում», - նախանշում է այսօր «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը՝ մեջբերելով ընդդիմության մի անանուն ներկայացուցչի, թե՝ «Միացյալ Նահանգները նախագահ Ջորջ Բուշի մակարդակով որոշում է կայացրել՝ Հայաստանում ընդդիմությանը իշխանափոխության գործում աջակցելու հարցում»: Ընդ որում, ըստ նույն անանուն ընդդիմադիրի՝ «այս իշխանություններին նվաստացնելու եւ բարոյապես ոչնչացնելու համար որոշվել է, որ նրանք իշխանությունից պետք է հեռանան հենց Ղարաբաղի խնդրին ոչ հայանպաստ լուծում տալու պատրվակով, այսինքն՝ այն պատրվակով, որով եկել են իշխանության»: Ի պատասխան հարցին, թե ի՞նչ ուժեր պետք է Հայաստանում իրականացնեն իշխանափոխությունը, ընդդիմության տվյալ ներկայացուցիչը ցույց է տվել ոչ ռուսամետ նոր դաշինքի կողմը՝ ձեւակերպելով. - «Վրացական, աջարական, աբխազական եւ ուկրաինական իրադարձությունները խորը ազդեցություն են ունենում հայ հասարակության լայն շերտերի գիտակցության վրա: Մարդիկ հասկանում են, որ օր առաջ պետք է ազատվել Հայաստանը ռուսական ռազմաբազա դարձրած իշխանություններից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG