Մատչելիության հղումներ

Մինչեւ տարեվերջ շուրջօրյա ջրամատակարարում կունենան երեւանցիների 80 տոկոսը


Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Անդրեասյանը ուրբաթ օր վստահեց, որ մինչեւ տարեվերջ մայրաքաղաքի 80 տոկոսի շուրջօրյա ջրամատակարարման վերականգման առաջադրանքը կկատարվի։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրեասյանը ասաց նաեւ, թե մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգման երկրորդ վարկային ծրագիրը իրականացնելու համար մրցույթ է հայտարարվելու եւ ջրամատակարման ցանցը վարձակալության է հանձնվելու որեւէ խոշոր միջազգային ընկերության:

«Նպատակն է՝ Երեւանում ունենալ ավելի երկարաժամկետ հատվածով, տնտեսական որոշումներ կայացնելու ավելի մեծ հնարավորություններով մասնավոր կազմակերպություն՝ վարձակալական պայմանագրի սկզբունքների հիման վրա», - պարզաբանեց նա:

Երեւանի ջրամատակարարման ցանցի կառավարիչ «Էյ Յութիլիթի» ընկերության ջանքերով մայրաքաղաքի համայնքների մի մասում որոշ չափով բարելավվել է ջրամատակարարումը։ Մինչեւ տարեվերջ շուրջօրյա ջրամատակարարում կունենան եւս մի քանի խոշոր համայնքներ՝ Նոր Նորքի առաջին զանգվածը, Էրեբունու եւ Սեբաստիայի որոշ հատվածներ։

Այդուհանդերձ, ջրամատակարարման ցանցում եղած կորուստները ամենեւին չեն պակասել։ «Ինչպես նախկինում, այժմ էլ դրանց ծավալը մոտ 80 տոկոսի է հասնում», - ասաց Արամ Անդրեասյանը։

Ջրի կորուստների առյուծի բաժինը վերաբերում է բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերին։ Կոմիտեի նախագահի փոխանցմամբ, շենքերի մուտքերի մոտ տեղադրված ջրաչափերի ցուցմունքի եւ բնակարաններում տեղադրված ջրաչափերի գումարային ցուցմունքի տարբերությունը 40-50 տոկոսի է հասնում։ Փտած խողովակները ոչ միայն ջրի ահռելի կորուստների պատճառ են դառնում, այլեւ նպաստում են նույն շենքերի հիմքերի քայքայմանը։ Ցանցը վերանորոգելու համար դեռեւս մեծածավալ ներդրումներ են պետք։

Անդրեասյանի խոսքերով, այդ խնդիրը, անշուշտ, չի լուծվի միայն վարկերով, ուստի սակագների հետագա բարձրացումն անխուսափելի է:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը առաժմ վերապահումներ չունի մայրաքաղաքից դուրս ընկած ու մյուս մարզերն ընդգրկող ջրամատկարարման «Հայջրմուղկոյուղի» ընկերության ցանցի օպերատիվ կառավարիչ ֆրանսիական «ՍԱՈՒՐ» ընկերության նկատմամբ:

«Այս կազմակերպությունը փորձում է մարսել ընկերության հիմնական պրոբլեմները», - ասաց Անդրեասյանը: - «Կառավարումը արդեն իսկ ստանձնել է: Ես նրանց թիմի մոտ, որ ժամանել են եւ աշխատում են այսօր, այդ վճռականությունը տեսնում եմ»:

Հանրապետության մի շարք մարզերում՝ մասնավորապես, Արմավիրում, Շիրակում եւ Լոռիում գերմանական KFW բանկի վարկերի հաշվին կսկսեն գործել երեք ինքնուրույն ընկերություններ, որոնք, կոմիտեի նախագահի հավաստմամբ, կբարելավեն ջրամատակարման որակը։

Այս տարվա ընթացքում հողերի ոռոգումն իրականացրել են հանրապետության կազմավորման ընթացքի մեջ գտնվող 54 ջրօգտագործողների միությունները: Կոմիտեի նախագահի ասելով, դրանք ամբողջությամբ կարողացել են լուծել իրենց խնդիրը:

Արամ Անդրեասյանի խոսքերով, ոռոգման համակարգերի վերականգման համար եւս հավելյալ վարկային ներդրումներ են լինելու։ Մասնավորապես, Համաշխարհային բանկի 7,5 միլիոն դոլար վարկի միջոցներով հնարավոր կլինի ավարտին հասցնել հանրապետության 84 ջրամաբարների վերականգնումը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG