Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը «կանաչ լույս» է տալիս Իրաքում հայ զինվորականների տեղակայմանը


Հայաստանի Սահմանադրական դատարանը չորեքշաբթի օրը որոշեց, որ «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:

Սա նշանակում է, որ Ազգային Ժողովի հավանությունը ստանալուց հետո Հայաստանը կարող է ստորագրել Լեհաստանի եւ 18 այլ երկրների միջեւ արդեն ստորագրված այդ հուշագիրը, ինչը ենթադրում է մասնակցություն Լեհաստանի հրամանատարության ներքո գործող բազմազգ դիվիզիայում:

Հայաստանը մտադիր է Իրաք ուղարկել բժիշկներից, սակրավորներից եւ վարորդներից բաղկացած ոչ մեծ զորախումբ:

Հարցը, հիշեցնենք, տարակարծություններ էր առաջացրել Ազգային ժողովում: Իրաք զինվորականներ ուղակելուն դեմ հանդես եկողները փաստարկում են, թե դա կարող է բացասաբար անդրադառնալ իրաքահայ համայնքի վրա:

Սահմանադրական դատարանում հարցի քննարկմանը երկրի նախագահի ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, դիմելով ՍԴ դատավորներին ասաց. - «Հայաստանը չէր կարող մեկուսացված եւ անմասն մնալ տարածաշրջանում կատարվող իրադարձություններից, ինչով էլ պայմանավորված է Հայաստանի իշխանությունների որոշումը մասնակցել Իրաքում կայության հաստատման գործընթացին»:

Սարգսյանը ասաց նաեւ, որ, հաշվի առնելով իրաքահայ համայնքի առկայությունը եւ հայ - իրաքյան երկարամյա բարեկամությունը, Հայաստանը մտադիր է ունենալ միայն «ոչ ռազմական, մարդասիրական ներգրավվածություն»:

Ազգային ժողովի հավանությունը ստանալուց հետո Հայաստանի հուշագրին միանալու ցանկության մասին նոտա կհղի, որտեղ Հայաստանը կարող է իր վերապահումներն ու սահմանափակումներն ընդգրկել: Պաշտպանության նախարարի խոսքերով, Հայաստանը որոշ վերապահումներ նշելու է:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները պետք է մասնակցեն միայն պաշտպանական եւ մարդասիրական գործողությունների», - վերապահումները ներկայացնելով ասաց Սերժ Սարգսյանը: - «Ընդունելի չեն լինի Իրաքի տարածքում գտնվող Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման հետ համատեղ խնդիրների կատարումը»:

Նրա խոսքերով, մասնակցությունը նման միջազգային առաքելությանը դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից: Դա, պաշտպանության նախարարի համոզմամբ, կնպաստի Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը, զինված ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Շեշտվեց նաեւ, որ Վրաստանն ու Ադրբեջանը արդեն մասնակցում են գործընթացին եւ մինչեւ տարեվերջ մտադիր են ավելանել իրենց զինվորականների քանակը Իրաքում. Ադրբեջանը՝ մինչեւ 400 մարդ, Վրաստանը՝ 870:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG