Մատչելիության հղումներ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը դարձավ Հայէկոնոմբանկի բաժնետեր


Չորեքշաբթի օրը Հայէկոնոմբանկը եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը կնքեցին գործընկերության պայմանագիր, որով եվրոպական այդ հեղինակավոր բանկային կառույցը դարձավ հայաստանյան բանկի բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերը։

Եվրոբանկի ներդրումը Հայէկոնոմբանկի կապիտալում կազմում է շուրջ մեկ միլիոն դոլար։ Եվս կես միլիոն դոլար Եվրոբանկը հայաստանյան բանկին հատկացրել է իբրեւ տեխնիկական աջակցության դրամաշնորհ։

Եվրոբանկի ֆինանսական տնօրեն տիկին Մարիա-Լուիզա Չիկոնիանին Հայէկոնոմբանկի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո հայտարարեց, թե Եվրոբանկը որոշում է ընդունել ընդլայնել իր ներդրումները նախկին Խորհրդային Միության յոթ երկրների տնտեսությունների մասնավոր հատվածներում։

«Սա Հայաստանում այս կարգի առաջին ներդրումն է։ Եվ եթե այլ ներդրման հնարավորություններ լինեն, մենք, իհարկե, արձագանքելու ենք», - ասաց Չիկոնիանին՝ ավելացնելով, որ Եվրոբանկը 23 երկրների 45 բանկերում արդեն նման ներդրումներ կատարել է։ Մասնավորապես, ներդրումներ են արվել վրացական երկու եւ ադրբեջանական մեկ մասնավոր բանկերում, որոնց կառավարումը, ըստ Չիկոնիանիի, մոտ է եվրոպական չափանիշերին։

«Մենք երկարաժամկետ ներդրողներ ենք, ու մեր ներդրումների ժամկետը սովորաբար հինգ տարուց պակաս չի լինում», - ասաց նա։

Հայէկոնոմբանկը Սուքիասյանների ընտանիքին պատկանող այն եզակի բանկային կառույցներից է Հայաստանում, որը գործում է իբրեւ բաց բաժինետիրական ընկերություն, եւ վերջին տարիներին տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթներից որոշակի շահաբաժիններ է վճարում իր շուրջ 2000 մանր բաժնետերերին։

Մյուս կողմից, Եվրոբանկը, ըստ էության, գործարար կառույց է, որ ներդրումներ է անում այն երկրներում, որտեղ հնարավոր է ներդրած կապիտալի յուրաքանչյուր միավորից առնվազն 20 տոկոսի շահույթ ստանալ։

Այդուհանդերձ, անցումային երկրների մասնավոր բիզնեսները ձգտում են իրենց սեփականության որոշակի բաժնեմասը հանձնել Եվրոբանկին, որովհետեւ այդ հզոր ֆինանսական կառույցի հետ գործընկերությունը նրանց ապահովագրում է իրենց երկրներում հաճախ գործադրվող սեփականության վերաբաշխումներից եւ այլեւայլ քաղաքական ճնշումներից, հատկապես՝ քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության ժամանակ։ Բացի այդ, Եվրոբանկի ներդրումները այս կամ այն երկրում բարձրացնում են տվյալ երկրի ներդրումային գրավչությունը այլ արտաքին ներդրողների համար։

Եվրոբանկի ներկայացուցիչները այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են ներդրումներ նաեւ Հայաստանի արտադրական հատվածում: Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Նիկոլայ Հաջինսկին տեղեկացրեց, որ նման մի քանի ծրագրեր արդեն մշակվել են:

Ընդհանուր առմամբ 1993 թվականից ի վեր Եվրոբանկը Հայաստանի համար 11 ներդրումային ծրագրեր է հաստատել՝ 146 միլիոն եվրո արժողությամբ: Մինչեւ այսօր ծախսվել է շուրջ 90 միլիոնը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG