Մատչելիության հղումներ

Սերգեյ Մանասերյան. - «Վաղ թե ուշ՝ մենք պետք է հաջողության հասնենք»


Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի մասնակցելու մեղադրանքով երկարաժամկետ ազատազրկման դատապարտված 6 հայ օդաչուների ճակատագրով Հայաստանի իշխանությունները շարունակելու են զբաղվել՝ մինչեւ «հաջողության հասնելը»:

«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Մենք նրանց հանգիստ չենք թողնելու բոլոր ուղղություններով: Վաղ թե ուշ՝ մենք պետք է հաջողության հասնենք», - երկուշաբթի օրը հայտարարեց Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների խնդրով զբաղվող Հայաստանի պաշտոնական պատվիրակության ղեկավար, մինչեւ վերջերս Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասերյանը:

Մանասերյանը երեկ է վերադարձել Մալաբոյից, որտեղ հետեւում էր դատավարության ընթացքին: Հայ օդաչուները, թեեւ նրանց մեղավորության որեւէ հիմնավոր ապացույց դատարանում չէր հնչել, այդ երկրի դատարանի կողմից նոյեմբերի 27-ին դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման՝ 14-24 տարի:

Դեսպանի փոխանցմամբ, դատավճիռը ցնցել էր բոլորին. ոչ ոք չէր սպասում, որ հայ օդաչուների նկատմամբ այդպիսի վճիռ կկայացվի:

«[Դատավճիռը] Զուտ անհեթեթություն է: Դատավարությունը քաղաքական էր, եւ դատավճիռը քաղաքական բնույթ ունի», - ասաց նա:

Սերգեյ Մանասերյանը ներկայացրեց այն ամենը, ինչ Հայաստանի իշխանությունները, Հասարակածային Գվինեայում իր գլխավորած պատվիրակությունը արել են դատավճռի հրապարակումից հետո:

Դատավճռի հրապարակման հաջորդ իսկ օրը Հայաստանի պատվիրակության անդամներին տեսակցություն է թույլատրվել է օդաչուների հետ:

«Տղաների վիճակը շատ ծանր է», - փոխանցեց նա: - «Ծանր է այն առումով, որ շղթաները հանված չեն: Բազմիցս մեզ խոստացել են այդ բանը անել եւ բազմիցս խաբել են»:

Դատապարտված հայերին իրենք հավաստիացրել են, որ ամեն ինչ անելու են նրանց ազատելու համար:

Գործնական քայլերից դեսպանը նշեց, որ օդաչուների դատապաշտպանը արդեն բողոքարկել է վճիռը Գերագույն դատարանում, որը հարցին կանդրադառնա 1,5-2 ամսվա ընթացքում: Դրական վճռի հույսը, սակայն, քիչ է:

«Ես դա դիտարկում եմ որպես զուտ տեխնիկական քայլ: Ակնհայտ է, որ Գերագույն դատարանը հազիվ թե փոխի դատավճիռը: Բայց դա անհրաժեշտ քայլ է միջազգային դատարան դիմելու համար», - ասաց Մանասերյանը:

Հասարակածայաին Գվինեայի նախագահին է փոխանցվել Հայաստանի նախագահի երկրորդ ուղերձը, որում նախագահ Քոչարյանը խնդրում է ներում շնորհել հայ օդաչուներին: Բացի այդ, գվինեական կողմին է փոխանցվել էքստրադիցիայի պայմանագրի նախագիծ, որը նրանց կողմից ստորագրվելու դեպքում, հնարավորություն կստեղծի, որպեսզի հայ օդաչուները պատիժը կրեն Հայաստանում:

«Ես հավաստիացնում եմ, որ բոլոր ջանքերը շարունակվելու են: Մենք փորձելու ենք բոլոր ուղղություններով աշխատել», - ասաց Մանասերյանը՝ շեշտելով, որ հարցը «նուրբ է եւ վտանգավոր»: - «Մենք երբեք չենք կարող մոռանալ, որ նրանց ձեռքում կա 6 պատանդ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG