Մատչելիության հղումներ

Բժիշկները բողոքում են ընդդեմ կառավարության որոշման


Հայկական բժշկական ասոցիացիան երկուշաբթի օրը իր մտահոգությունն է արտահայտել կառավարության նոյեմբերի 19-ի որոշման կապակցությամբ, ըստ որի Հայաստանի զինված ուժեր պետք է զորակոչվեն գիտական աստիճան ունեցող եւ երեք ու ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժիշկ սպաները:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը հատկապես շեշտը դրեց որոշման այն կետի վրա, որտեղ խոսվում է բժիշկ-գիտնականների մասին՝ բժշկագիտության թեկնածուների եւ դոկտորների:

«Բանակում, ըստ երեւույթին, պետք են շատ լավ պրակտիկ ունակություններ ունեցող պրակտիկ բժիշկներ, այլ ոչ թե գիտությամբ զբաղվող գիտնականներ», - ասաց Զելվեյանը:

Հայկական բժշկական ասոցիացիայի տվյալով, այսօր կա զորակոչի ենթակա մոտ 100 գիտական կոչում ունեցող բժիշկ, որոնք ցանկանում են իմանալ կառավարության կայացրած որոշման հիմնավորումը: Այն է՝ ինչո՞ւ են զորակոչվում գիտնական բժիշկները այն դեպքում, երբ արդեն 10 տարի է, ինչ շրջանավարտներ է տալիս բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, որի նպատակը հենց այդպիսի կադրերի պակասը լրացնելն է:

Ֆակուլտետը տարեկան տալիս է մոտ 40 շրջանավարտ, որոնք նախապես պայմանագիր են կնքում՝ պարտավորվելով ավարտելուց հետո 20 տարի աշխատել Զինված ուժերում:

«Որոշ մասը այնուհետեւ լքում են բանակը կամ չեն շարունակում ծառայել բանակում», - այդ շրջանավարտների մասին ասաց Զելվեյանը: - «Ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանն էլ մենք կուզենայինք իմանալ»:

Զորակոչի ենթակա մինչեւ 35 տարեկան բժիշկները, մինչդեռ, արդեն սկսել են ծանուցագրեր ստանալ, ոմանք արդեն անցել են բժշկական հանձնաժողովը, ոմանք էլ՝ այս ամսվա 13-ին հրավիրված են մանդատային հանձնաժողով, որը պետք է որոշի, թե որ հոսպիտալն են ուղարկելու նրանց:

34-ամյա Արման Գրիգորյանը ճառագայթային ախտորոշման մասնագետ է: Նա ներկայումս համատեղության կարգով աշխատում է 4 բուժհաստատությունում՝ մասնակցում է միջազգային ծրագրերի, կոնֆերանսների:

«Մենք երեխա չենք, որ մեկ օրում մեկ կյանքը, ճակատագիրը փոխենք», - ասաց նա: - «Չէ՞ որ գիտնականը պլաններ է կառուցում»:

«Ենթադրվում է, որ զինվորական հոսպիտալում աշխատելու համար գիտական կոչում ունեցող բժիշկը պետք է դուրս գա իր մնացած աշխատավայրերից», - ասում է Արման Գրիգորյանը: - «Դեռ ոչինչ չգիտեմ ո'չ պայմանների մասին, ո'չ էլ այն մասին, թե որտեղ են ինձ տանելու: Իսկ եթե դա մի խուլ տեղ լինի՝ կտրված ամեն ինչից ու նոր սարքավորումների՞ց»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG