Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվա ընթացքում «Եվրասիա» հիմնադրամը կտրամադրի ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլարի դրամաշնորհներ


Ուրբաթ օրը «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արա Նազինյանը, ներկայացնելով ավարտվող տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը, տեղեկացրեց, որ հաջորդ ֆինանսական տարում հիմնադրամը ծրագրում է Հայաստանում տրամադրել ընդհանուր առմամբ շուրջ 2 միլիոն դոլարի դրամաշնորհներ:

1995 թվականից ի վեր «Եվրասիա» հիմնադրամը Հայաստանի հասարակական կազմակերպություններին տրամադրել է 600 դրամաշնորհ։ Հիմնադրամի ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է շուրջ 20 միլիոն դոլար։

Այդ գումարների առյուծի բաժինը «Եվրասիա» հիմնադրամը ստացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից։ Օգնություն են ցուցաբերել նաեւ Սփյուռքի հայտնի ֆինանսական կառույցները՝ Լինսի, Գաֆեսջյան եւ Իզմիրլյան հիմնադրամները, ինչպես նաեւ Բաց հասարակության ինստիտուտը։

Ընթացիկ ֆինանսական տարում, Նազինյանի ներկայացմամբ, հիմնադրամը ֆինանսավորել է 70 դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 1,5 միլիոն դոլար արժողությամբ։ Հաստատվել են եւս 25 նոր դրամաշնորհային ծրագրեր՝ մոտ 600 հազար դոլար արժողությամբ։ Ֆինանսավորված ծրագրերի 2/3-ը բաժին է ընկնում մարզերում գործող հասարակական կազմակերպություններին:

«Դա մեր կողմից որդեգրած քաղաքականության արդյունքն է», - ասաց Արա Նազինյանը՝ պարզաբանելով. - «Աշխատանքների եւ ներդրումների ծանրությունը Երեւանից տեղափոխել դեպի մարզեր եւ հեռավոր շրջաններ»:

Նազինյանի խոսքերով, գալիք տարվա ծրագրերում հիմնական շեշտը դրվելու է տարածաշրջանային նշանակության ծրագրերի վրա: Դրանք վերաբերելու են փոքր եւ միջին բիզնեսի միջավայրի բարելավմանը, տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, տեղական եւ մարզային անկախ լրատվամիջոցների պայմանների բարելավմանը, ինչպես նաեւ բարձրագույն կրթության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։

Այդուհանդերձ, «Եվրասիա» հիմնադրամը խոստանում է դրամաշնորհներ տրամադրել բոլոր այն ծրագրերին, որոնք նորամուծություններ են պարունակում եւ միտված են ժողովրդավարական հասարակության կայացմանը:

«Այս տարի նույնպես մենք կունենանք «բաց դռների» հնարավորությունը այն բոլոր գաղափարների համար, որոնք դուրս են մնում վերոհիշյալ թեմաներից», - ասաց Նազինյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG