Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների առանցքային հարցի վերաբերյալ վերջնական վճիռ դեռեւս չի ընդունվել


Անցած շաբաթավերջին նախագահ Քոչարյանի եւ կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Ընտրական օրենսգրքի կատարելագործման հարցը: Առաջարկվելիք փոփոխություններում Ազգային ժողովի ընտրություններում համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցության հարցը, որի շուրջ տարաձայնություններ կան կոալիցիայի ներսում, դեռեւս վերջնական լուծում չի ստացել:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած առանցքային պարտավորություններից մեկն է, եւ փոփոխությունները դրանում պետք է ընդունվեն մինչեւ տարեվերջ:

«Համամասնական եւ մեծամասնական տեղերի վերաբերյալ վերջնական վճիռ չի ընդունվել», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային Ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու չկայացավ համաձայնությունը, ասելով. - «Այստեղ կարեւոր է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների համար, մանավորապես «Ժողպատգամավոր» խմբի համար կտրուկ փոփոխությունը համամասնական տեղերի ցանկալի չէ»:

Նախագահ Քոչարյանի մոր տեղի ունեցած քննարկումներին 16 անդամ ունեցող «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ չի եղել. ներկա են եղել միայն կոալիցիոն կուսակցությունների ղեկավարները: Տիգրան Թորոսյանը, սակայն, ասաց, որ իրենք չեն կարող հաշվի չառնել մյուս գործընկերների կարծիքը: Հարկ է հիշեցնել, որ տվյալ հարցում Հանրապետական կուսակցության ու «Ժողպատգամավոր» խմբի կարծիքը բացարձակապես նույնն է՝ պաշտպանվում է 60 տոկոս համամասնական եւ 40 տոկոս մեծամասնական տեղերի տարբերակը:

Կոալիցիոն մյուս կուսակցությունների՝ «Օրինաց երկիր»-ի եւ Դաշնակցության տեսակետը, առնվազն մինչեւ այդ հանդիպումը հետեւյալն էր. համամասնական տեղերի թիվը պետք է լինի առնվազն 70 տոկոս:

Հարցին, թե արդյո՞ք Դաշնակցության դիրքորոշումը որեւէ փոփխություն կրել է, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. - «Հարցը գտնվում է կոալիցիայի անդամ քաղաքական կազմակերպությունների քննարկումների շրջանակում, դեռ որեւէ նոր որոշման չենք հանգել»:

«Մենք մեր նախնական հայտարարություններից [բացի], որեւէ նոր բան չունենք առաջարկելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելացրեց նա:

«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, մինչդեռ, անցյալ շաբաթ հանդես է եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւս մեկ նախաձեռնությամբ. ներկայացված նախագծում ոչ միայն ամրագրված է տեղերի հարաբերակցության՝ իրենց պնդած տարբերակը, այլեւ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ուստիեւ՝ բոլոր ընտրական հանձնաժողովներում), բացի երկրի նախագահի նշանակած երեք անդամից եւ խորհրդարանական կուսակցությունների, դաշինքների մեկական անդամներից, մեկական անդամ էլ ունենան պատգամավորական խմբերը՝ եթե վերջիններս գործել են խորհրդարանի լիազորությունների ժամկետի վերջին երեք քառորդում:

Այս առաջարկի մասին նույնպես Տիգրան Թորոսյանը ասաց, որ վերջնական որոշումը դեռեւս ընդունված չէ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG