Մատչելիության հղումներ

Հասարակածային Գվինեայի դատարանը մեղավոր է ճանաչել հայ օդաչուներին


Ուրբաթ օրը Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռը այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ: Մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:

«Հայկական օդանավի հրամանատարի նկատմամբ դատարանը սահմանել է 24 տարվա, իսկ մյուս օդաչուների նկատմամբ 14-ական տարվա պատժաչափեր», - տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Վեց հայ օդաչուները «Ան-12» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներն են: Ինքնաթիռը այս տարի ավելի վաղ վարձակալել էր գերմանական Central Asian Logistics (CAL) ընկերությունը՝ դեպի Հասարակածային Գվինեա առեւտրային թռիչքներ իրականացնելու նպատակով:

Գլխավոր կասկածյալ, նախկինում Հարավաֆրիկյան Հանրապետության անվտանգության ուժերի սպա Նիկ դյու Թուան դատապարտվել է 63 տարվա, երեք այլ հարավաֆրիկացիներ՝ 50-60-ական տարվա բանտարկության, մյուս երեք հարավաֆրիկացիներն ազատ են արձակվել: Տեղացիների համար դատարանը բավարարվել է մեկական տարվա պատժաչափերով:

Դյու Թուան անցած շաբաթ դատարանում հայտարարել էր , որ հայերը եւ 12 այլ ամբաստանյալներ ոչինչ չգիտեին պատրաստվող հեղաշրջման մասին:

Արտգործնախարարության հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ դատարանի որոշմամբ «պետականացվել են նաեւ «Դվին» կոնցեռնի մեջ մտնող Tiga-R կազմակերպությանը պատկանող ԱՆ-12 ինքնաթիռը»:

«Հայ օդաչուների դատապաշտպանը պատրաստվում է այդ անարդար վճռի դեմ բողոքի հայցով դիմել Հասարակածային Գվինեայի Գերագույն դատարան, իսկ հարկ եղած դեպքում` նաեւ միջազգային դատական ատյաններ», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը: - «Մալաբոյում գտնվող հայկական պաշտոնական պատվիրակությունը, որը մինչ այդ էլ բազմիցս եղել է Հասարակածային Գվինեայում եւ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, շարունակելու է մնալ այդ երկրում` տեղի իշխանությունների հետ քննարկելու հայ օդաչուներին Հայաստանին հանձնելու հետ կապված հարցեր»:

Վերահաստատելով Հայաստանի իշխանությունների համոզմունքը, որ հայ օդաչուները որեւէ առնչություն չունեն Հասարակածային Գվինեայի եւ նրա իշխանությունների դեմ ուղղված որեւէ գործողության հետ եւ շեշտելով, որ նրանց դեմ դատարանը չի բերել որեւէ հիմնավոր ապացույց, արտգործանախարարությունը հավաստիացնում է, որ Հայաստանի կառավարությունը «գործադրելու է բոլոր ջանքերը Հասարակածային Գվինեայի պատկան մարմինների մոտ` հասնելու համար մեր քաղաքացիների նկատմամբ արդար որոշման, ընդհուպ մինչեւ ազատ արձակումը»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG