Մատչելիության հղումներ

Քննարվեցին հայ-կորեական գործարար կապերը զարգացնելու հնարավորությունները


Երեւանում ուրբաթ օրը տեղի ունեցավ հայ-կորեական գործարար համաժողով, որի ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները քննարկեցին ներկայումս աննշան գործարար կապերի զարգացման հնարավորությունները: Համաժողովին նախորդել է Հայաստանում Կորեայի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացումը:

Համաժողովին մասնակցում էր Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Չոն Թե Իկը (նստավայրը՝ Մոսկվա): Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մեկ տասնյակից ավելի կորեացի գործարարներ, ներկայացուցիչներ Ռուսաստանի գործարարների միությունից:

Չոն Թե Իկը «Ազատություն» հետ զրույցում ասաց, թե կան բոլոր նախապայմանները հայ-կորեական տնտեսական համագործակցությունը լուրջ հիմքերի վրա դնելու եւ այն Կորեայի տնտեսությանը բնորոշ դինամիկ արագությամբ զարգացնելու համար:

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնարար Տիգրան Դավթյանը, համաժողովի օտարերկրյա մասնակիցներին ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացմանը վերաբերող տվյալները, շեշտեց, որ ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքներով երկրում տնտեսական աճը կազմել է 10 տոկոս, որ վերջին վերջին 5 տարիներին կրկնապատկվել են արտահանման ծավալները:

Կորեական արտադրանքը (հիմնականում կենցաղային տեխնիկա), որ լայնորեն ներկայացված է հայաստանյան շուկայում, ներմուծվում է հիմնականում միջնորդավորված կերպով: Տիգրան Դավթյանի խոսքերով, ուղղակի կապերի հաստատումը միանգամայն իրական է, առավել եւս՝ որ կորեացիներն էլ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում եւ մտադիր են ներդրումներով ու համատեղ ծրագրերով ներկայանալ Հայաստանի տնտեսության մեջ:

Իսկ առայժմ երկու երկրների մինչեւ ապրանքաշրջանառությունը շատ փոքր է. անցած տարվա ընթացքում 5,5 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել Կորեային եւ ընդամենը 1 միլիոն դոլարի ապրանք արտահանվել է Կորեա:

Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանի փոխանցմամբ, Կորեա արտահանվում են հիմնականում ճշգրիտ սարքավորումներ: Համաժողովի ընթացքում հայաստանյան կողմը փորձել է ներկայացնել երկրի արտահանման բոլոր հնարավորությունները:

Հայաստան ժամանած կորեացի գործարարներին հետաքրքրում է հատկապես 4 ոլորտ՝ բարձր տեխնոլոգիաներ, լեռնամետալուրգիա, քիմիական արդյունաբերություն եւ դեղագործություն:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG