Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեկ ուշ երեկոյան ԱՄՆ-ից վերադառնալով, «Զվարթնոց» օդանավակայանում անսպասելի կերպով զրույցի է բռնվել լրագրողների հետ: «Այսպիսով Լեւոն Տեր-Պետրոսյանի վեցամյա լռության ուխտը խախտված է, իսկ թե ինչ է դա նշանակում, պարզ կդառնա առաջիկայում», - դեռեւս բազմակետ է դնում «Հայկական ժամանակ» թերթը:

Սամվել Բաբայանի խոսնակ Գարեգին Ղազարյանը «168 ժամ» շաբաթաթերթի թղթակցին հավաստիացրել է, որ առաջիկայում Բաբայանը ասուլիս կհրավիրի եւ ներկայացնի իր հիմնած հասարական կազմակերպության գործունեության մանրամասները: Իսկ խոսնակը հարցազրույցում մասնավորապես ասում է. - «Ազատագրված բոլոր տարածքները մերն են եղել, մերն են, եւ մենք էլ պիտի դրանք պահենք ամեն կերպ: Կարգավիճակի հարցը պետք է ստորադասվի տարածքների գերխնդրին»: «Ասում եք՝ փոխզիջումները պետք է լինեն տարածքային դաշտից դուրս: Այդ դեպքում ի՞նչը պետք է զիջենք» հարցին Գարեգին Ղազարյանը պատասխանել է. - «Չգիտեմ: Թող չլինեն բանակցությունները: Եթե խնդիր ունեն, թող այդ խնդիրները լուծեն Բաքուն ու Ստեփանակերտը: Երեւանը պիտի լռի՝ մնալով միայն ԼՂՀ երաշխավոր»: Սամվել Բաբայանի ներկայացուցիչը նաեւ ձեւակերպում է. - «Եթե իշխանությունը վատն է, եւ, իրոք, ժողովուրդը վատն է համարում իշխանություններին, թող բնականոն, խաղաղ ճանապարհով կարողանա փոխել: Իսկ եթե, վատ համարելով, չի կարողանում օրինական ճանապարհով փոխել, դա էլի ժողովրդի ոչ միայն դժբախտությունն է, այլեւ մեղքը»:

«Այս պահին առկա տեղեկատվության համադրումը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկու ամիս առաջ նոր առաջարկություններ է ներկայացրել հակամարտության կողմերին: Ադրբեջանը, փաստորեն, այդ առաջարկություններն ընդունել է, իսկ Հայաստանը հակված է եղել մերժել: Ու միջազգային հանրությունը սկսել է տոտալ ճնշումներ գործադրել Քոչարյանի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս ընդունի այդ առաջարկները», - խտացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ու ՄԱԿ-ում գրավյալ տարածքների մասով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծի քվեարկության հետաձգումը նշանակում է, որ Քոչարյանը ճնշումների տակ ի վերջո խոստացել է ընդունել նոր առաջարկները»: «Ամեն դեպքում ակնհայտ է, որ Քոչարյանը հերթական անգամ խճճվել է սեփական քաղաքականության հետեւանքների ցանցում: Օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող նախագահը ըստ էության հայտնվել է անելանելի վիճակում», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը: «Վարդան Օսկանյանի այն սպառնալիքը, թե Հայաստանը կարող է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացից, կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի տեքստի նախաբանը: Եթե նրա իշխանությունն այդ բանակցային գործընթացից դուրս է գալիս, Քոչարյանը ընդհանրապես կորցնում է իր դերն ու նշանակությունը», - պայմանավորում է «Հայկական ժամանակ»-ը, ըստ որի՝ «գործող նախագահի քաղաքական հեռանկարը առավել մշուշոտ է, քան երբեւէ»:

«Առավոտ» թերթում այսօր ներկայացված է Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության քննադատություն Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կողմից: Վերջինս, մասնավորապես, ասում է. - «Դեւիսի զեկույցի համեմատ շատ ավելի վատ բովանդակություն ունի Աթկինսոնի զեկույցը: Սա նշանակում է, որ Եվրախորհրդի թեմատիկայով աշխատող պատգամավորների փշի-փշի անելու քաղաքականությունը իր արդյունքը չունեցավ... Մենք ընդհանրապես չպիտի մասնակցեինք մի զեկույցի քննարկման, որը ի սկզբանե զգուշացնում էինք, որ վատն է լինելու: Առանձին մի բան շտկում ենք՝ չտեսնելով, որ ամբողջ փաստաթուղթը մեզ համար ոչ նպաստավոր է»:

«Փաստը, որ, այսպես կոչված, «գրավյալ տարածքներում» տիրող իրավիճակի հարցը ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայի օրակարգ տեղափոխելու Ադրբեջանի նախաձեռնությունը լուրջ սպառնալիքի տակ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ շուրջ մեկ տասնամյակ ընթացող բանակցային գործընթացը, ներկայումս ակնհայտ է դառնում ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց իրենց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար», - ուրվագծում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Եթե նրանք վայր են դնում իրենց միջնորդական մանդատը, ապա ստեղծվում են իրական նախադրյալներ տվյալ խաղի մեջ նոր՝ «պահեստային խաղացողների» ներգրավման համար, որոնք կփորձեն զբաղեցնել վերջիններիս տեղը: Իսկ դա ինքնին հղի է տարածաշրջանի վերահսկողության եւ դրանով պայմանավորված՝ կայունության ու խաղաղության պահպանման հնարավորությունների նվազման հեռանկարով»: Այս իրավիճակում «Հայոց աշխարհ»-ի տեսաբանը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով «կարող է փուչիկի պայթյուն դարձնել Ադրբեջանի նախաձեռնած «գրավյալ տարածքների» հարցի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»:

Դոլարը շարունակում է արժեզրկվել ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Դրա հետ կապված, «Հայոց աշխարհ» թերթում այսօր ընդգծված է. - «Փորձագետների կարծիքով, չարժե ընկնել մի ծայրահեղությունից մյուսի մեջ եւ հապճեպորեն փոխանակել դոլարային խնայողությունները եվրոյի։ Նախ՝ դոլարը կտրուկ արժեզրկվել չի կարող, քանզի դա անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային տնտեսության ճգնաժամի։ Երկրորդ՝ մասնագետների մեծամասնությունը հակված է այն մտքին, որ վաղ թե ուշ դոլարի փոխարժեքը դարձյալ կսկսի աճել»: Իսկ «168 ժամ»-ի վերլուծականում այսօր մատնանշվում է. - «Հայաստանի համարյա բոլոր ֆինանսական օլիգարխները խոշոր ներկրողներ են: Հիմնականում հենց նրանց է ձեռնտու դոլարի ցածր կուրսը: Առեւտրային կապիտալն է այն ուժը, որի լոբբինգն է ամենաազդեցիկը Հայաստանի իշխանությունների վրա»: «Հայաստանի տնտեսության իրական հատվածի՝ արտադրության շահերը երկրի քաղաքական ու տնտեսական իշխանությունների համար կարեւոր չեն», - բանաձեւել է մեկնաբանը դրամի փոխարժեքի բարձրացման հետքերով:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG