Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետը Գլխավոր ասամբլեային կոչ է արել չմիջամտել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը


Երեկ ուշ երեկոյան Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Միացյալ Նահանգները ներկայացնող դիվանագետ Սյուզան Մուրը, «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, կոչ է արել Գլխավոր ասամբլեային չմիջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ չխանգարել Եվրոպային անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբին:

Ադրբեջանի նախաձեռնության ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցված՝ «Իրավիճակն Ադրբեջանի գրավված տարածքներում» բանաձեւի նախագծի կապակցությամբ ասամբլեայի նիստում ունեցած իր ելույթում Արդբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը առաջարկել է ՄԱԿ-ի անդամ պետություններին հանդես գալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության «շարունակական աջակցության» եւ «իրենց նախկին բնակավայրերը ադրբեջանցի փախստականների վերադարձի» կոչով:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետներից Սյուզան Մուրը, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից հորդորել է Գլխավոր ասամբլեայի անդամներին «ավելորդ ջանքերով» չմիջամտել այս խնդրին:

«Բանակցությունների առաջընթացը հնարավոր է միայն կողմերի փոխադարձ վստահության պայմաններում», - ասել է Մուրը: - «Այս պայմաններում օգտակար է ցանկացած քայլ, որը կնպաստի այդ մթնոլորտի կայացմանը եւ կկանխի Գլխավոր ասամբլեայի բաժանումը»:

Գլխավոր ասամբլեան, ի վերջո, «Ռոյթեր»-ի փոխանցմամբ, հանել է հարցը քվեարկությունից՝ հետաձգելով անորոշ ժամանակով:

Երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը վերահաստատեց, որ ԱՄՆ-ը Ղարաբաղյան խնդրում «հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը»:

«Քանի դեռ գոյություն ունի այս հակամարտությունը, Կովկասը կայուն չի լինի: Իսկ այս տարածաշրջանի կայունությունը Միացյալ Նահանգների նպատակն է», - ասաց Մաննը: _«Ռազմական գործողությունների վերսկսումը կլինի ծայրաստիճան անխելամտության դրսեւորում: Դրանք քայքայիչ կլինեն երկու երկրների համար»:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մեկ առ մեկ հերքել է ադրբեջանական «հիմնավորումները» եւ վերհանել է առաջարկի զուտ քաղաքական եւ քարոզչական բնույթը:

«Նման բանաձեւ ներկայացնելով Ադրբեջանը փորձում է տարանջատել այսպես կոչված «գրավյալ տարածքների» խնդիրը բանակցային ամբողջական փաթեթից՝ չցանկանով ընդունել, որ այս տարածքները հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ Ադրբեջանի կողմից իսկ սանձազերծած պատերազմի արդյունքում, որով նա փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ինքնորոշման իրավունքը», - ասել է Մարտիրոսյանը: - «Այսօր որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի ծառայող այդ տարածքների խնդրի լուծումը հնարավոր կդառնա միայն, երբ որոշում կընդունվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ եւ նրան կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ»:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG