Մատչելիության հղումներ

Ծխելու դեմ պայքարին «օրենքի ուժ տալը օրվա հրատապ խնդիր է»


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որոնց նպատակը համոզելն է, թե ծխախոտի դեմ պայքարը պետք է ավելի անզիջում լինի, եւ որ «դրան օրենքի ուժ տալը օրվա հրատապ խնդիր է»:

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, որը տարիներ շարունակ պայքարում է այս արատավոր երեւույթի դեմ, ծխախոտը համեմատեց ամենավտանգավոր թմրադեղերի հետ, ասելով, որ դրանց պատճառած վնասը միանգամայն համեմատելի է ծխախոտի պատճառած վնասի հետ:

Ելույթ ունեցավ նաեւ բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի կարծիքով, պարզապես ծխախոտի վնասակարությունը քարոզելը բավական չէ. պայքարը հարկավոր է տեղափոխել օրինական դաշտ՝ խիստ սահմանափակելով ծխելու համար թույլատրված վայրերը, ինչը եւ փորձելու է կանոնակարգել պատգամավոր Հրանուշ Հակոբյանի հեղինակած օրենքի նախագիծը:

Նախկինում համապատասխան օրինագծերը Ազգային ժողովում տապալվել էին, սակայն անցած շաբաթ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխելու սահմանափակումների դեմ» օրինագիծը:

Լսումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի համար խիստ տագնապալի վիճակագրական տվյալներ: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով Հայաստանը եվրոպական տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը՝ մոտ 63 տոկոս: Ծխող կանաց տոկոսը Հայաստանում անհամեմատ փոքր է, բայց իրականում, նրանք հաճախ պարզապես թաքցնում են ծխելու հանգամանքը: Եւս մի տագնապալի թիվ՝ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից մահացության ցուցանիշով մեր երկիրը եվրոպական տարածաշրջանում երրորդ տեղն է զբաղեցնում Մոլդովայից ու Հունգարիայից հետո: Ընդ որում, ամբողջ աշխարհում ծխողների 84 տոկոսը բնակվում է զարգացող եւ անցումային երկրներում, ինչպիսին է Հայաստանը, այդ պատճառով էլ վերջին տարիներին այստեղ զգալի աճել են ծխելու պատճառով առաջացող հիվանդությունները:


Եթե զարգացած երկրներում ծխելու դեմ պայքարը ինչ-որ շոշափելի արդյունք է տվել, ապա մեզ մոտ հակառակը: Մասնագետների վկայությամբ, ծխախոտ արտադրող համաշխարհային ընկերությունների հիմնական շուկան հենց Հայաստանի պես երկրներն են:

«Նրանք գնացել են այն բանին, որ այսօր միլիարդներից են հրաժարվում, հարյուրավոր միլիարդներից: Եվ տուգանքի են ենթարկում միլիարդավոր դոլարներով առանձին ֆիրմաների... որովհետեւ պարզ տնտեսագիտական հաշվարկները ցույց են տվել, որ այսօր ծխախոտից ստացված եկամուտներից հրաժավելըւ հետագայում բերում է դրանից ստացված հարյուրապատիկ օգուտների», - ասաց Էմիլ Գաբրիելյանը:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի ամենախոշոր ծխախոտ արտադրողներից մեկը՝ «Գրանդ Հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը: 35 տարի ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս գործարարը եւս եկել էր քարոզելու ընդդեմ ծխախոտամոլության: Վարդանյանի բնորոշմամբ՝ «սիգարետ օգտագործողը ամբողջ կյանքում հիվանդ է ապրում, անառողջ»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG