Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Պարզվում է՝ եկող տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքը 7 տոկոսով կգերազանցի 1989 թվականի ցուցանիշը: Մեր պաշտոնյաների այս հավաստումը որակելով «ցնցող լուր»՝ «Առավոտ» թերթը հիշեցնում է. - «1989-ն թոշակառուները կարող էին յոլա գնալ իրենց թոշակներով, ծառայողներն՝ իրենց աշխատավարձերով, հանրապետությունը շրջափակման մեջ չէր, բուժսպասարկումն ու կրթությունը, այսպես ասենք՝ «ավելի անվճար էին», քան հիմա, ծերունիները չէին փորփրում աղբամանները, իսկ արդյունաբերությունն աշխատում էր ողջ հզորությամբ: Կարճ ասած՝ բավական է համբերությամբ սպասել 2005 թվականին եւ մեր երկրում ապրելը կատարյալ երջանկություն կլինի: Մյուս կողմից», - մատնանշում է «Առավոտ»-ը, - «Անբացատրելի է մնում, թե մենք, ունենալով ՀՆԱ-ի նման բարձր ցուցանիշ, ինչո՞ւ ենք միջազգային կազմակերպությունների առաջ աղքատի ու թշվառի կեցվածք ընդունում ու նրանցից վարկեր ու դրամաշնորհներ մուրում: Օրինակ, Համաշխարհային բանկից աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր մշակելու նպատակով վերցրել ենք 20 միլիոն դոլար: Մեր ինչի՞ն է պետք այդ վարկը, եթե մյուս տարվա վերջին մեր երկիրը գերազանցելու է խորհրդային շրջանում իր իսկ արձանագրած տնտեսական ցուցանիշերը»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել է մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանին. - «Մամուլը բազմիցս գրել է ձեր ունեցած թանկարժեք մեքենաների, տների ու առանձնատների մասին: Եվ ամեն անգամ դուք ասել եք, որ այդ ամենը ձեր պապայինն է: Ձեր հագած մեկ «Զիլի» կոստյումն արժե 5-6 հազար դոլար: Դրա՞նք ում կոստյումներն են»: Պատասխանը հետեւյալն է. - «Նախ, դուք «Զիլիի» գինը մի քիչ շատ եք ասում: Եվ, բացի այդ, ես ինձ կարող եմ թույլ տալ մեկ-երկու նման կոստյում ունենալ: Ի՞նչ է, ուզում եք, որ հանրապետության մաքսային ծառայության պետը «Կլարա Ցետկին» հագնե՞ր: Չի աշխատում այդ զավոդը. հենց աշխատի, կսկսենք «Կլարա Ցետկին» հագնել»: «Իմ պաշտոնանկության մասին լուրերի հանդեպ ես արդեն կայուն իմունիտետ ունեմ», - ասում է մաքսային կոմիտեի պետը: Իսկ Ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկության կապակցությամբ Ավետիսյանը արձագանքում է. - «Իմ մասին երեւի բավականին մեծ կարծիք ունեք, որ ձեզ թվում է, թե ես կարող եմ տիրապետել նման կարգի ինֆորմացիայի եւ իմանալ, թե ինչու պաշտոնանկ արվեց ԱԱԾ պետը»:

«Ագոյի խմբի» հերթական այցը Հայաստան «Առավոտ»-ում խտացված է «Հերթական եվրոպական «հսկիչները». հայաստանյան «պրարաբներին» կհաջողվի՞ նրանց խաբել» վերնագրի ներքո: Իսկ Էստոնիայի նախագահի այցի առիթով ասուլիսից մամուլում ուշադրություն է սեւեռվում հատկապես ղարաբաղյան կարգավորմանն առնչվող Ռոբերտ Քոչարյանի արտահայտություններին: «Վերջին 4-5 տարիներին Քոչարյանը երբեք հրապարակավ դժգոհություն չէր արտահայտել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ստեփանակերտի ներգրավված չլինելու առիթով», - համադրել է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Դեռ 2001 թ. հունվարին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ իր եւ հանգուցյալ Հեյդար Ալիեւի հանդիպումից հետո Քոչարյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացում հենց ինքն է ներկայացնում ղարաբաղյան կողմի շահերը: Ընդհանուր առմամբ, պաշտոնական Երեւանը կարծես թե դժգոհ չէր կարգավորման բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների, ինչպես նաեւ նախագահների անձնական ներկայացուցիչների հանդիպումներից, որոնց ընթացքում ըստ էության ղարաբաղյան կողմը դուրս էր մնացել բանակցային գործընթացից... Հիմա», - արձանագրվում է «Ազգ»-ում, - «պետք է ենթադրել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր կատարյալ փակուղում է, եւ հակամարտության կողմերին այլ բան չի մնում, քան միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը»: «Հայկական ժամանակ» թերթը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ձեւակերպումներին, մատնանշում է. - «Նախկինում նա որպես կանոն խուսափել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը վերաբերող իր պատասխաններին տրամադրություն հաղորդելուց, իսկ այժմ խոսում է լավատեսության բացակայության մասին: Մինչդեռ գործող ֆորմատի հիմնադիրներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է, եւ նրա իշխանության տարիներին ընդդիմությունը Քոչարյանին հիմնականում մեղադրել է Ղարաբաղին բանակցային ձեւաչափերից դուրս թողնելու մեջ»: «Իրավունք»-ի մեկնաբանի դիտարկմամբ էլ՝ վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի պատասխաններից զգացվում էր, որ «առկա է տագնապ, թե առաջիկայում գերտերությունները կարող են սկսել արագացնել կարգավորման գործընթացը». - «Իսկ դա, բնականաբար, լրացուցիչ ու ամենեւին էլ ոչ պատեհ գլխացավանք է Հայաստանի իշխանությունների համար այն պարագայում, երբ կուտակվել են բազում ներիշխանական խնդիրներ, որոնց հանգուցալուծումը այնքան էլ հարթ չի ընթանում»:

«Նախագահ Քոչարյանին ուղղված Հայաստանի հրեական համայնքի բաց նամակը, դրա առաջին արձագանքներն ու մեկնաբանությունները մամուլում ցույց են տալիս, որ փորձ է արվում մեր երկրին արհեստականորեն վերագրել հակահրեականության պրոբլեմ», - ուշադրություն է հրավիրում այսօր «Հայոց աշխարհ» թերթը՝ վերլուծելով. - «Հակահրեական առանձին արտահայտությունները սոսկ ներքաղաքական սենսացիա հրահրելու փորձ լինելով, կարող են վերածվել նաեւ միջազգային սկանդալի: Հայաստանի գլխին նման շինծու մեղադրանք «փաթաթելը» կարող է ձեռնտու լինել միայն մեր հակառակորդներին, առաջին հերթին՝ Ադրբեջանին: Իրենց «հայ ազգայնական» համարողները պետք է գիտակցեն, որ չի կարելի ջուր լցնել Հայաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի հետեւողական քայլերի ջրաղացին: Իսկ հակահրեականության մեղադրանքը գրեթե բոլոր ժամանակներում նման մեկուսացման առիթներից մեկն է եղել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG