Մատչելիության հղումներ

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում աճում են՝ հակառակ համաշխարհային միտումների


«Թեեւ սեպտեմբերի 11-ից հետո օտարերկրյա ներդրումները ողջ աշխարհում կրճատվել են գրեթե կիսով չափ, Հայաստանում դրանց ծավալը շարունակում է տարեցտարի աճել։ Եթե անցած տարի դրանք կազմեցին 230 միլիոն դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում դրանց ծավալն ավելացել է 40 տոկոսով եu 2004 թվականին սպասվում է 280 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում», - փաստեց Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատրաստած 2004 թվականի Համաշխարհային ներդրումների զեկույցի շնորհանդեսի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանում ավանդաբար՝ դեռ խորհրդային տարիներից ներկայացված են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը եւ ներդրումներն էլ ուղղվում են ամենատարբեր բնագավառներ, ինչը նվազեցնում է ռիսկը։ Հակառակ դրան, Ադրբեջանում ներդրումների գերակշիռ մասը ուղղվում է նավթարդյունահանման ոլորտ, որը մեծապես կախված է նավթի համաշխարհային գներից։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ փոխնախարարի, Հայաստանը շահագրգռված է, որ Վրաստանը գրավիչ լինի ներդրումային տեսակետից, քանզի Հայաստանը մեծ շուկա չէ որոշ ներդնողների համար, այնինչ եթե միավորվեն Հայաստանի եւ Վրաստանի հնարավորությունները, ռեգիոնալ շուկան կեռապատկվի։

ՄԱԿ-ի զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալությունում, որի ղեկավար Վահագն Մովսիսյանը հայտնեց, որ եթե 2000 թվականին, երբ կազմավորվեց գործակալությունը, ներդրումային առաջարկներով այն այցելել էր ընդամենը 50 մարդ, ապա այս տարի արդեն՝ 600-700 մարդ։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG