Մատչելիության հղումներ

Հայ պատգամավորները պատրաստվում են մեկնել Բաքու, որտեղ նրանց ժամանման շուրջ արդեն աղմուկ է բարձրացել


Նոյեմբերի 26-ին Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մեկնելու է Բաքու` մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց Ազգային ժողովի լրատվական վարչության պետ Անահիտ Ադամյանը, նախատեսվում էր, որ Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն 3 պատգամավորներ՝ Մհեր Շահգելդյանը, Ալեքսան Կարապետյանը եւ Արթուր Պետրոսյանը (ՄԱԿ խմբակցությունից)։ Բայց ի վերջո որոշվել է, որ Բաքու կմեկնեն Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, որն այժմ Վենետիկում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին, եւ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը։

Ադրբեջանում, մինչդեռ, արդեն աղմուկ է բարձրացել հայաստանցիների ժամանման շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը մեկնել էր երկրի հարավային շրջաններ, այնտեղ հատուկ անդրադարձել է այդ հարցին՝ հորդորելով լրատվամիջոցներին քարոզարշավ չծավալել հայ պատգամավորների ժամանման դեմ։

Հիշեցնելով այս տարվա դեպքերը, երբ ՆԱՏՕ-ն չեղյալ հայտարարեց «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունները այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները թույլ չտվեցին հայաստանցի սպաներին գալ Բաքու, Իլհամ Ալիեւը ասել է. - «Այն ժամանակ մենք հաստատուն կերպով պաշտպանեցինք մեր դիրքորոշումը, եւ ես անձամբ որոշեցի, որ հայկական բանակի ներկայացուցիչները չպետք է գան Բաքու, որովհետեւ այդ բանակը օկուպացիոն բանակ է։ Այս դեպքն ուրիշ է, եւ եթե մենք թույլ չտանք հայ պատգամավորներին ժամանել Բաքու, դա կգործի ի շահ հայկական կողմի»։

Միաժամանակ ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» հայտարարություն է տարածել, որում ասված է, թե խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը, որը հրավիրել է հայերին, ազգի դավաճան է։



Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG